15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Կարեն Ավագյանը ուզում է հավատալ

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանի ելույթն ԱԺ հայտարարությունների ժամին։

“Հարգելի գործընկերներ, նախ թույլ տվեք այս ամբիոնից իմ խորին երախտագիտությունը հայտնել շախմատային մեր հսկաներին՝ համախմբման, հպարտության ու պարծանքի այն բերկրալի պահերի համար, որ նրանք պարգևեցին բոլորիս։ Այս տղաներն ու նրանց նմաններն են այն ինտելեկտուալ ու մշակութային միջուկը, որ հասարակության մեջ ձևավորում է աշխարհայացք, մարդկանց մտքերում կատարում հեղափոխություն, սերմանում արժեքներ։

Մարդկային այս տեսակը, որպես կանոն, պահանջներ չի առաջադրում, չի բողոքում, մեղավորների չի փնտրում։ Պարզապես համառորեն աշխատում է՝ իր ուժերի սահմաններում կերտելով այն իրականությունը, որ ինքը պատկերացնում է։

 Այս տղաներն ու նրանց սխրանքը հավանաբար շատերին կստիպեն վերարժևորել սեփական դերը հասարակությունում, մի բան անել ու ասելուց առաջ կշռադատել անձնական վարքագիծը։ Համեմատել ու տեսնել, որ հաղթանակներ գրանցելու, վստահության քվե ձեռք բերելու և հարգանք վայելելու համար ոչ թե քննադատել է հարկավոր, այլ անխոնջ աշխատել։

Վերջին շրջանում խիստ մոդայիկ է դարձել ագրեսիվությունը, ում ասես հայհոյելը։ Այս ախտը դարձել է շատ քաղաքական ու քաղաքացիական ուժերի պայքարի առանցքը։ Այն տպավորությունն է, որ այդ ուժերը կենսաբանորեն անհամատեղելի են որևէ լավ բանի հետ։

Հայաստանը Մրցունակության համաշխարհային զեկույցում բարելավում է իր դիրքերը` շատ վատ է։ Բարելավվում են տնտեսական ցուցանիշները` ուղղակի անթույլատրելի է։ Աճում են արտահանման ծավալները, ախր, ո՞նց կարելի է։ Մի խոսքով, մարդիկ ուղղակի ալերգիա ունեն ցանկացած դրականի նկատմամբ։ Փոխարենը տևական ժամանակ է, ինչ քաղաքացիների գլուխները մտցնում են ատելություն, թշնամանք, չարություն։

Ինքնահաստատման ճանապարհին խարխափող այդ ուժերը չեն էլ գիտակցում, որ նույնիսկ այն, որ այսօր ինչ ուզես ասում են իշխանություններին, հենց իշխանության ձեռքբերումն է, մեր երկրում ժողովրդավարության հաղթանակի ապացույցը։ Ընդամենը մի քանի տարի առաջ կպատկերացնեի՞ք հասարակական այսպիսի ակտիվություն։ Ախր, ձեր ամենաաննշան բռնկումն անգամ կճնշվեր ու կմարվեր շատ արագ։

Հանրությանն առավելապես վրեժի ու ատելության գաղափարներով սնելու ձեր քաղաքականությունն ուղղակի անընդունելի է։ Մենք այսօր լրջագույն մարտահրավերների առջև ենք կանգնած։ Գերլարված տարածաշրջան, որտեղ ամեն վայրկյան կարող են վտանգավոր զարգացումներ տեղի ունենալ։ Եվ այս պարագայում ամեն ինչ քննադատելու ձեր գործելաոճը մեզ լավ բան խոստանալ չի կարող։ Հասարակությունը պառակտելու ձեր փորձերը ներսից ցեցի պես կկրծեն երկիրը։

Այնուամենայնիվ, ուզում եմ հավատալ, որ ձեր նպատակը երկիրը բզկտելը չէ։ Եթե այդպես է, ապա ի՞նչն է խանգարում, որպեսզի ինքնանպատակ քննադատությունից անցնեք տրամաբանության ոլորտ։ Ոչ ոք երաշխավորված չէ սխալներից։ Նույնիսկ ամենաիդեալական կառավարությունն ունի իր օբյեկտիվ, սուբյեկտիվ, թվացյալ կամ իրական թերությունները։ Եկեք արձանագրենք դրանք ու միասին փորձենք լուծել։ Վերջին տարիներին իշխանությունների կողմից ներմուծված համագործակցային քաղաքական մշակույթն այդ հնարավորությունը տալիս է։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ