Զինապարտներին, ազատամարտիկներին հավաքագրում են
“Այո, երիտասարդներին տանում ենք ուսումնական վարժանքների”,-Henaran.am-ի ունեցած տեղեկությունը հաստատեց ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Ուսումնական վարժանքների տանում են զինապարտներին, իսկ ըստ ՀՀ օրենսգրքի զորացրված զինվորը իր ծառայության ավարտից հետո դեռևս երկու տարի համարվում է զինապարտ: Բացի նրանցից վարժանքների են կանչվում նաև նախկին ազատամարտիկները, բացառիկ մասնագետները: Վերջիններիս փորձը, համաձայն Հովհաննիսյանի, հարկավոր է նոր զինվորին, իսկ մասնագետն էլ իր հերթին շարքային զինվորից սովորելու բան ունի:
“Կան նորագույն զարգացումներ` բանակային, տեխնիկական, մարտավարական, որոնց հաղորդ պետք է դարձնել նախկին զինվորներին, որպեսզի նրանք միշտ պատրաստ գտնվեն,-ընդգծեց Արծրուն Հովհաննիսյանը: -Բացի դա շատ կարևոր է նախկին և ներկայիս զինվորի հոգեբանական պատրաստվածությունը: Նրանք բոլորը պետք է պատրաստ լինեն զորավարժություններին, մարտական տարբեր գործողություններին”:
Հարցին, թե որքան ժամանակով են հավաքները, որքան է տևում վարժանքը, Հովհաննիսյանը պատասխանեց. “Տարբեր է. ոմանց կանչում են ուղղակի ճշգրտում անելու նպատակով, ոմանց` մեկ օրով”: