25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Եթե ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող ուժերը պարտվեն. Առավոտ

Իմ կյանքի օրոք Հայաստանում եղել է 3 իշխանափոխություն: 1990 թվականին կոմունիստներին փոխարինեցին ՀՀՇ-ականները, 1998-ին ՀՀՇ-ին փոխարինեց այդ իսկ իշխանության ներսում ձեւավորված խումբը, որը վառ արտահայտված կուսակցական պատկանելություն չուներ, բայց ի վերջո հանգեցրեց ՀՀԿ-ական իշխանության: Եվ, վերջապես, 2018-ին իշխանության եկավ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած շարժումը, որն այս պահին ունի ՀՀ քաղաքացիների եւ աշխարհում սփռված հայերի մեծամասնության անվերապահ աջակցությունը:

Ընդհանուր առմամբ, բոլոր տեսակի վերապահումներով, այդ իշխանափոխությունները դրական էին գոնե այն առումով, որ փոփոխությունն ավելի լավ է, քան լճացումը, նոր իմպուլսները, նոր մոտեցումները հնարավորություն են ստեղծում վերանայելու մոտ անցյալը, դասեր քաղելու եւ փորձելու գնալ առաջ: Խոսքը հատկապես առաջին եւ երրորդ իշխանափոխությունների մասին է, երբ գործընթացին անմիջականորեն մասնակցում է հասարակությունը:

Սակայն 28 տարի շարունակ այդ գործընթացներին հետեւող մարդկանց համար կարեւոր են վերապահումները, մտահոգությունները, որոնք պետք է ընկալել ոչ թե որպես «չուզողության» դրսեւորում, ոչ թե որպես պայծառ հեղափոխական տրամադրությունը փչացնելու փորձ, այլ որպես բարեկամական խորհուրդ, հիշեցում, նախազգուշացում, զգոն լինելու հորդոր: Եվ այսպես, 1990 թվականին ամեն թփի տակ փնտրում էին «թաքնված կոմունիստների», 1998-ին՝ «ռեւանշի ձգտող ՀՀՇ-ականների», իսկ հիմա՝ «ծպտյալ ՀՀԿ-ականների»: Այդպես է, իհարկե, ոչ միայն Հայաստանում, այդպես էր ցանկացած հեղափոխությունից հետո՝ ֆրանսիական, ռուսական եւ այլն:

Հեղափոխությունից հետո շատերին թվում է, որ աշխարհը բաժանվում է երկու մասերի՝ «հաղթած ժողովրդի» եւ «տապալված հրեշի» (մնացած որակումներն այստեղ չեմ գրում՝ տեղ խնայելու համար): Դա անխուսափելի ժամանակաշրջան է՝ պարզապես ցանկալի է, որ Հայաստանում այն կարճ տեւի: «Հետհեղափոխության» բացասական դրսեւորումներից է հաղթանակած թիմի վստահությունն իր անսխալականության մեջ: Ավելին՝ եթե նրանք նույնն են անում, ինչ անում էին նախորդները, դա միանգամայն ընդունելի են համարում, որովհետեւ իրենք լավն են, արդար են եւ բարոյաքաղաքական առումով տարբերվում են նախորդներից:

Օրինակ՝ երբ նոր իշխանության ներկայացուցիչները սկսում են ընտրություններ կեղծել, նրանք ասում են՝ «մերն ուրիշ է, մեզ կարելի է, բա ի՞նչ անենք, հո իշխանությունը չե՞նք տա այն անիծյալ կոմունիստներին (ՀՀՇ-ականներին, ՀՀԿ-ականներին)»: Նույնը՝ բոլոր մնացած արատները, որոնք գոյություն են ունեցել «նախորդ հանցավոր ռեժիմի» ժամանակ: Բարեկամներիցս մեկն ասել է. «Հեղափոխությունն այն ժամանակ հնարավոր կլինի հաղթած համարել, եթե հաջորդի հաջորդ, այսինքն` արդեն հերթական ընտրությունների ժամանակ Նիկոլ Փաշինյանն ու նրան աջակցող ուժերը պարտվեն»: 

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ