Արայիկ Հարությունյանն ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը
Արցախի Հանրապետության պետական նախարար Արայիկ Հարությունյանը մայիսի 12-ին ընդունել է Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակությանը՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանի գլխավորությամբ:
Ա. Հարությունյանը ողջունել է ավստրալահայ պատվիրակության և Պատվելի Կրիկոր Յումուշակյանի՝ դեպի Արցախ ուխտագնացություն կատարելու քայլը՝ նշելով, որ բացի հայրենիքը տեսնելու կարևորությունից, այցը նաև լավ հնարավորություն է Հայաստանում և Արցախում գտնվող քրիստոնեական բացառիկ հուշարձաններին ծանոթանալու համար: Պետնախարարն իր երախտագիտությունն է հայտնել մարտ ամսին իր այցի ժամանակ ավստրալահայ գաղութի կողմից բարձր մակարդակով ընդունելության արժանանալու համար՝ ընդգծելով, որ չնայած աշխարհագրական առումով հեռավորությանը, ինքն ամենուրեք նկատել է հայրենիքի նկատմամբ ջերմ վերաբերմունք և նվիրվածություն: Ներկաների խնդրանքով Ա. Հարությունյանը ներկայացրել է Արցախի տնտեսական հնարավորություններն ու վերջին տարիներին գրանցված ցուցանիշները, ինչպես նաև պատասխանել է նրանց հետաքրքրող հարցերին:
Ավստրալիայի Հայ Ավետարանչական ընկերակցության պատվիրակության անունից՝ Պատվելի Կրիկոր Յումուշակյանը Ա. Հարությունյանին շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության և իրենց հետաքրքրող հարցերին սպառիչ պատասխաններ տալու համար: Նրա խոսքով՝ այցի ընթացքում իրենք շատ են ուրախացել՝ տեսնելով զարգացող Արցախի առաջընթացը և հավաստիացրել է, որ ավստրալահայ գաղութը շարունակելու է իր ներդրումը բերել հայրենիքի շենացման գործին: