25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Վերքին աղ լցնելով. Արա Բաբլոյան

Ներքաղաքական զարգացումների համատեքստում Երևանում գործող բժիշկներից մեկը կոչով դիմել էր իր գործընկերներին՝ հրաժարվել բժշկական օգնություն ցուցաբերել ՀՀԿ անդամներին։ Հանրության դժգոհությունն առաջացրած երևույթի մասին Aysor.am-ը զրուցել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի հետ։

– Պարոն Բաբլոյան, քաղաքական վերջին զարգացումների ընթացքում մի երևույթ նկատվեց, երբ որոշ ծառայություններ հայտարարեցին, թե հրաժարվում են սպասարկել կոնկրետ քաղաքական ուժի ներկայացուցիչներին։ Այդ հայտարարություններում թերևս ամենաքննարկվածը բժիշկներից մեկի հայտարարությունն էր այն մասին, որ հրաժարվում է բժշկական օգնություն ցուցաբերել ՀՀԿ անդամներին։ Այդ բժիշկն իր հայտարարությամբ կոչ էր արել նաև իր գործընկերներին հետևել իր քայլին։ Հետագայում, իհարկե, հանրության ամենալայն շրջանակներում այդ հայտարարությունն արժանացավ ամենադաժան քննադատությանը։ Այս առնչությամբ հետաքրքիր է Ձեր արձագանքը, քանի որ առողջապահության բնագավառում Ձեր ներդրումը հանրահայտ է։

– Հարցին կպատասխանեմ ոչ թե որպես ՀՀ Ազգային ժողովի նախագահ և քաղաքական գործիչ, այլ որպես բժիշկ` հենվելով բժշկական էթիկայի սկզբունքների և իմ համոզմունքների վրա:

Անկեղծ ասեմ` ցավով ու զարմանքով եմ ծանոթացել մեր որոշ գործընկերների նմանատիպ հայտարարություններին և հիշել եմ «Բժիշկ, բժշկեա զանձն քո» հին ճշմարտությունը: Երբեք չէի պատկերացնի, որ Հայաստանում կգտնվեն բժիշկներ, ովքեր, ելնելով քաղաքական իրավիճակից, կդավաճանեն իրենց կոչմանը:

«Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքը հռչակում է. «Յուրաքանչյուր ոք, անկախ ազգությունից, ռասայից, սեռից, լեզվից, դավանանքից, տարիքից, առողջական վիճակից, քաղաքական կամ այլ հայացքներից, սոցիալական ծագումից, գույքային կամ այլ դրությունից, Հայաստանի Հանրապետությունում ունի բժշկական օգնություն և սպասարկում ստանալու իրավունք»: Սա մի օրենք է, որը հարիր է քաղաքակիրթ, մարդկային արժեքները գնահատող պետությանը, ինչպես նաև հայ ժողովրդի դարավոր ավանդույթներին:

Բժշկի կոչումն է բուժել հիվանդին, թեթևացնել ցավերը և նրան ոչինչ և ոչ մի իրավիճակ չպետք է ետ պահի դրանից: Մեզնից յուրաքանչյուրը, Հիպոկրատի երդումը տալով, ասում է. «Երդվում եմ օգնել հիվանդներին խղճիս համաձայն, որքան ներեն ուժերս՝ խուսափելով նրանց որևէ վնաս կամ չարիք պատճառելուց»: Սրանք սոսկ բառեր չեն կամ բժշկական էթիկայի մի մաս, այլ բժիշկների համար ապրելու և գործելու բանաձև են:

Աշխարհը, գնալով մարդասիրության ու կարեկցանքի խորացման ճանապարհով, հասել է նույնիսկ նրան, որ ստեղծել է մի նոր ուղղություն` պալիատիվ բժշկությունը, որի նպատակն է ամոքիչ օգնության միջոցով հնարավորինս թեթևացնել ծայրահեղ ծանր կամ անբուժելի հիվանդների կյանքը, ավելին, բժշկական օգնությունից բացի նրանց և իրենց ընտանիքներին ցուցաբերել նաև հոգեբանական ու սոցիալական աջակցություն:

Վերջին շաբաթների ընթացքում մեր հասարակությունն ուներ ոչ թե հավելյալ գրգիռ առաջացնող կոչերի, այլ հոգեբանական աջակցության և առանց ցավագին ցնցումների լուծումներ գտնելու կարիք, ինչին պետք է նպաստեինք նաև մենք` բժիշկներս: Ցավոք, մեր մեջ գտնվեցին մարդիկ, ովքեր փորձեցին բուժում նշանակել` վերքին աղ լցնելով: Բարեբախտաբար, մեր հասարակությունը մերժեց այդ «բժիշկ-մասնագետների» դեղատոմսերը:

Բժիշկները միշտ առանձնացել են մասնագիտական համերաշխությամբ` հանուն մարդկային առողջության պահպանման: Մենք միասին էինք Սպիտակի ավերիչ երկրաշարժի օրերին, միասին էինք Արցախյան ազատամարտի դժվարին տարիներին, միասին էինք տնտեսական ճգնաժամի և շրջափակման պայմաններում անկախության առաջին տարիներին ու միասին ենք նաև այսօր: Այլ կերպ լինել չի կարող:

Պատասխանս եզրափակեմ Հիպոկրատի երդման վերջին տողերով, որոնք միշտ վերաբերվելու են բոլոր բժիշկներին. «Եթե այս երդումը ես բարեխղճորեն կատարեմ ու երբեք չդրժեմ, թող ինձ բաժին ընկնի երջանկություն կյանքում, հաջողություն արվեստիս մեջ և մարդկանց հարգանքը հավիտյանս հավիտենից: Իսկ եթե ես դրժեմ երդումս, թող ինձ բաժին ընկնի դրա հակառակը»:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ