Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք. ԱԱԾ պետ
«Օրենքով վերապահված բոլոր լիազորությունները կատարելու ենք, որպեսզի արդարացնենք մեր քաղաքացիների հույսերը, ապահովելու ենք ՀՀ ազգային անվտանգությունը»,- կառավարության նիստից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԱԾ տնօրեն նշանակված Արթուր Վանեցյանը: «Այս պահին այդքանը կարող եմ ասել, մի քիչ աշխատելուց հետո կանդրադառնանք»,-ասաց նա, պատասխանելով հարցին, թե ինչ սկզբունքով է աշխատելու:
Արթուր Վանեցյանը նշեց, որ իր նշանակման մասին իմացել է երեկ: «Առաջարկություն ստացել եմ վարչապետից, քննարկել ենք, և որոշում ենք կայացրել, որ վարչապետը նշանակի»,-ասաց նա:
Հարցին՝ աշխատելով համակարգում արդեն թերություններ մատնանշե՞լ է, Արթուր Վանեցյանը նշեց, որ կարող է այդ հարցին պատասխանել մի քիչ աշխատելուց հետո: «Ղեկավար պաշտոնում աշխատելը ուրիշ է, համակարգում աշխատելը՝ ուրիշ»,- ասաց նա:
Իսկ թե ինչով է պայմանավորված նրա ընտրությունները, ԱԱԾ նորանշանակ պետը նշեց, որ վարչապետին պետք է ուղղել այդ հարցը: «20 տարի աշխատում եմ ԱԱԾ-ում, որևէ այլ տեղում չեմ աշխատել»,-ասաց նա: