Կարևոր փուլը դեռ առջևում է. Լարիսա Ալավերդյան/տեսանյութ/
«Այսքան երկար սպասված հանրապետականի հեռացումը տեղի է ունենում մեր աչքի առաջ, սակայն դեռ սպասվում է ամենակարևոր և երկարատև փուլը, քանի որ սա դեռ ճանապարհի սկիզբն է»,-այսօր՝ մայիսի 4-ին,լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Ընդդեմ իրավական կամայակությունների» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանի խոսքով առջևում բավականին լուրջ պրոցեսներ են և հարկավոր է սթափ գնահատել ստեղծված իրավիճակը.
«Այս ալիքը, որը բարձրացվել է և որը տոնի է վերածվել, չէի ուզենա հասներ ծայրահեղ իրավիճակի և նմանվեր արցախյան շարժմանը, երբ ժողովուրդը ուսերի վրա բերեց առաջին նախագահին և նա դրժեց իր խոստումները: Ես միշտ ասել եմ, որ դա լավագույն դիրքն է, որով հնարավոր է նստել ժողովրդի գլխին»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած թավշյա հեղափոխությունը ապստամբություն է որակում. «Տեղի ունեցածը առնվազն ապստամբություն է, ապստամբությունը ավելի լայն եզրույթ է, քան հեղափոխությունը»,-ընդգծեց Լարիսա Ալավերդյանը:
Լարիսա Ալավերդյանը նկատեց՝ ինքը զարմանում է, երբ բոլորը խոսում է տասը կամ քսան տարվա ճգնաժամի մասին. «90 թվականից սկսած մեր բոլոր նախագահները տանուլ տվեցին և դավաճանեցին ժողովրդին»:
ՀՀ մարդու իրավունքների առաջին պաշտպանը կոչ ունի ժողովրդին. «Այս ամենի մեջ մեր ժողովրդի մեղքն էլ կա, քանի որ մեր ժողովուրդը դյուրահավատ է: Եկեք հենց այս պահից մեր պահանջատիրությամբ ներկայանանք եկող իշխանությանը և երբեք դյուրահավատ չլինենք ու չվստահենք»:
Մանրամասները՝ տեսանյութում: