Հեղափոխություններից հետո կոռուպցիան չի վերանում, Ուկրաինայի օրինակը դրա ապացույցն է. Ժամանակ
Նիկոլ Փաշինյանը մարզային այցերի ժամանակ անդրադարձել էր երկրից դուրս բերված ակտիվները վերադարձնելու մեխանիզմների, ինչպես նաեւ հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ մարմին ստեղծելու հարցին: «Թրանսփարենսի ինթերնեյշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի գործադիր տնօրեն Վարուժան Հոկտանյանը թերթի հետ զրույցում այս առնչությամբ նշել է, թե այնքան էլ կողմնակից չէ անկախ, ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծմանը. «Մենք դեռեւս անցումային փուլի մեջ ենք, խորհրդարանը ՀՀԿ-ի ձեռքում է գտնվում: Իմ կարծիքով՝ հնարավորինս շուտ պետք է լինեն արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Եւ երբ որ իսկապես լինեն լուրջ ռեֆորմներ, գուցե արդեն հնարավոր լինի այդ մոդելին վերադառնալ: Հոկտանյանը հավելել է, որ միշտ չէ, որ հեղափոխությունները դրական ազդեցություն են ունենում երկրում իրավիճակի վրա»:
«Ուկրաինայի օրինակը վերցնենք՝ եւ՝ 2004-2005 թվականների «Նարնջագույն հեղափոխությունը», եւ՝ Մայդանը, երկուսից հետո էլ Ուկրաինան ինչպես կար, այնպես էլ մնաց կոռումպացվւսծ: Ընդ որում՝ եթե նայում Ենք կոռուպցիայի ընկալման համաթիվը, ապա Ուկրաինան ավելի վատ վիճակում է, քան Հայաստանը: Դրա համար, հաշվի առնելով այդ ամենը՝ ես կսպասեի, տեսնեի, թե ինչ զարգացումներ կգնան: Եթե զարգացումները գնան դրական հունով, եւ արդյունավետ հակակոռուպցիոն քաղաքականություն իրականացվի, ապա անգամ այդ մարմնի գոյության հարցն է դառնում աննպատակահարմար»,- ասաց Հոկտանյանը:
Մանրամասներին ծանոթացեք թերթի այս համարում: