«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն».փաստաբան
«Քաղաքական բանտարկյալները պետք է անհապաղ ազատ արձակվեն»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան , «Սասնա ծռեր»-ի գործով պաշտպան Արա Ղարագյոզյանը: Ղարագյոզյանը նշեց, որ դա բարոյական պահանջն է, սակայն իրավաբանորեն որոշակի գործառույթներ դեռ պետք է կատարվեն:
«Օրենքը թույլ է տալիս վերանայել արդեն ավարտված դատական ակտը և ազատ արձակել քաղաքական հայացքների համար դատապարտված բանտարկյալներին:«Սասնա ծռերի» գործով դատական նիստերը ընթացքի մեջ են, հետևաբարր այս դեպքում օրենքը այլ կիրառում ունի: Ակնհայտ է, որ այն գործերը որտեղ քաղաքական ակնհայտ հետապնդումներով են հասել վճռի փուլին պետք է վերանայվեն: Իմ պաշտպանյալ Արարատ Խանդոյանի գործը ուղեկցվեց բացարձակ քաղաքական հետապնդումներով: Շանթ Հարությունյանը և իր ընկերները դատապարտվեցին միայն ոստիկանների ցուցմունքների հիման վրա:
ԵԽԽՎ-ն ունի սահմանված բանաձև, որտեղ հստակեցվում է, թե ով է քաղաքական բանտարկյալը: Այն անձը, ով ցույցերի ժամանակ, կամ դրան հաջորդող օրերին հանդես է եկել հայտարարություններով և միայն այդ պատճառով ձերբակալվել է` քաղբանտարկյալ է»,-պարզաբանեց փաստաբանը:
Արա Ղարագյոզյանը կարծում է, որ երբ ձևավորվի օրինական իշխանություն ,այս հարցը լուծում կստանա:
««Սասնա ծռերի» գործով դատարանները ակնհայտ քաղաքական պատվեր էին իրականացնում և չէին ուզում ճանաչել ապստամբության իրավունքը: Հիմա դատարանները պետք է քննարկեն ապստամբության հարցը` ապստամբությունը օրինական էր, թե` ոչ: Բոլորի նկատմամբ պետք է անհատական մոտեցում ցուցաբերվի: 30-ից ավել անձանց խափանման միջոցները որևէ պարագայում չփոխվեցին: Կարո Եղնուկյանը հանդիսանում է օժանդակող, սակայն առողջական ակնհայտ խնդիրների պայմաններում անգամ նրա խափանման միջոցը չփոխվեց: Կրկնում եմ, որ պետք է դատարանները առաջնահերթ քննարկեն ապստամբության իրավունքը»,-ընդգծեց Արա Ղարագյոզյանը: