Ներքին պայմանավորվածություններ դեռ չկան. քաղտեխնոլոգ (տեսանյութ)
«Հայաստանում տեղի ունեցավ փաստացի ժողովրդի ընդվզում, որը արդեն հոգնել էր շատ բաներից»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքական տեխնոլոգ Կարեն Քոչարյանը: Նա նշեց, որ սպասելի էր, որ գալիս է մի սերունդ, որը սրբելու, տանելու էր ամեն ինչ՝ և իշխանություն, և ընդդիմություն:
«Փաշինյանը սկզբնական շրջանում դուրս էր եկել փողոց օրակարգով, որ Սերժ Սարգսյանը չպիտի լինի վարչապետ, սակայն ինչպես ասում են՝ ախորժակն ուտելիս է գալիս, Փաշինյանի մոտ բացվեց այդ ամեն ինչը, և հիմա արդեն կա այլ օրակարգ՝ պետք է հեռանա ՀՀԿ-ն, «Քաղաքացիական պայմանագիրը» պետք է գա: Երեկվա իր ասուլիսի նպատակը հետևյալն էր. քանի որ նա բավականին թրծված քաղաքական գործիչ է, հասկանում է, որ շատ խնդիրներ կարող է ունենալ երկրի ղեկավարը, նաև դրսի գործիչների հետ»,-ասաց նա:
Վերջինս հավելեց, որ նոր ընտրություններն անխուսափելի են, միակ հարցն այն է, թե ով է կազմակերպելու այդ ընտրությունները: «Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը պատրաստ է զիջել իշխանության մի մասը, թե որ մասը, չգիտեմ»,-նկատեց նա:
Քաղտեխնոլոգը հավելեց, որ Փաշինյանն ամենաբարձր պլանկան է դնում ու գնումէ դրա հետևից: «Բանակցություններ այսպես, թե այնպես լինելու են, չի կարող չլինել: Ներքին պայմանավորվածություններ դեռ չկան, և դա երևում է շատ պարզ»:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: