Զարգացող Երեւանը հնարավորություն է ստեղծում ներդրումային ծրագրերի համար
Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերի հետ:
Ողջունելով եւ շնորհավորելով նոր պաշտոնավարման հետ կապված` քաղաքապետն ընդգծել է քաղաքային տնտեսության մեջ կառավարման տեխնոլոգիաների ոլորտում կատարելագործմանն ուղղված բարեփոխումների եւ նոր ծրագրերի իրականացման կարեւորությունն ու համոզմունք հայտնել, որ ընկերության հետ ներկա համագործակցությունը կշարունակվի եւ էլ ավելի կընդլայնվի` նպաստելով Երեւանի բնակիչների, ինչպես նաեւ մայրաքաղաքի հյուրերի համար քաղաքն առավել հարմարավետ դարձնելու ծրագրերին:
“Երեւանի քաղաքապետարանի եւ մասնավոր հատվածի միջեւ կան հաջողված համագործակցության օրինակներ, որի շրջանակում կյանքի են կոչվել բազմաթիվ ծրագրեր: Ողջունելի է այն փաստը, որ Երեւանի քաղաքապետարանի եւ “Օրանժ Արմենիա” ընկերության միջեւ համագործակցության արդյունքում ստացված պիլոտային նախագիծը հաջողությամբ իրականցվեց, ինչի արդյունքում Երեւանի ավտոբուսների ուղեւորներն այսօր արդեն օգտվում են անվճար Wi-Fi ինտերնետից: Այսօր ընկերությունը հանդիսանում է քաղաքապետարանի լավագույն գործընկերներից մեկը”,-նշել է Տարոն Մարգարյանը:
Շնորհակալություն հայտնելով շնորհավորանքների եւ բարեմաղթանքների համար` “Օրանժ Արմենիա” ՓԲԸ նորանշանակ գլխավոր տնօրեն Ֆրանսիս Ժելիբտերը բարձր է գնահատել քաղաքապետի պատրաստակամությունը հետագա համագործակցության ուղղությամբ եւ նշել է, որ ընկերությունը եւս ակնկալում է քաղաքապետարանի աջակցությամբ նոր համատեղ ծրագրեր իրականացել:
“Գործընկերային այն ավանդույթները, որոնք ձեւավորվել են այս տարիների ընթացքում քաղաքապետարանի հետ հուսով եմ կպահպանվեն, կշարունակվեն եւ կզարգանան”,-նշել է Ֆրանսիս Ժելիբտերը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը նաեւ հատկանշել է, որ զարգացող Երեւանն այսօր լավ հնարավորություն է ընձեռում ներդրումային ծրագրերի իրականացման համար եւ քաղաքապետարանն էլ, իր լիազորությունների շրջանակում, պատրաստ է աջակցել եւ օժանդակել համատեղ նոր ծրագրերի իրականցմանը:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի վարչություն