Զրահատանկային շարժեր /տեսանյութ/
Ապրիլի 21-ի օրվա երկրորդ կեսին սկսված լարվածությունը Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զորքերի շփման գծում պահպանվել է նաև գիշերվա ընթացքում, այսօր հաղորդում է ԼՂ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը:
Ստեղծված օպերատիվ իրադրությունը տեղում գնահատելու նպատակով Լեռնային Ղարաբաղի պաշտպանության նախարար, Պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մնացականյանը այսօր այցելել է ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին, ստուգել զորքերի մարտական պատրաստականության աստիճանը՝ տալով հետագա գործողությունների համար մի շարք ցուցումներ ու հանձնարարականներ, ասված է հաղորդագրությունում:
Մնացականյանի խոսքով՝ թեև այժմ իրավիճակը լարված է, այն ամբողջությամբ գտնվում է Պաշտպանության բանակի վերահսկողության ներքո, և ձեռնարկվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հակառակորդի սադրանքները կանխելու համար:
«Որոշակի փոփոխոթյուն է նկատվել զորքերի տեղաշարժման: Եթե նախկինում այդքան էլ տեղաշարժեր չկար, հիմնականում պայմանավորված էր շարժերը միայն ու միայն մարտական հերթապահության ընդգրկված ստորաբաժանումների ապահովման հարցերով, հիմա արդեն այլ բնույթի շարժեր էլ կան՝ ավելի շատ զրահատանկային ստորաբաժանումների, հատկապես՝ տանկերի և հետևակի մարտական մեքենաների: Անհրաժեշտության դեպքում մենք կարող ենք նաև տրամադրել այդ բոլոր մեր նկարահանումները՝ ոչ միայն մի ուղղությունում, այլ տարբեր ուղղություններում: Մենք հետևում ենք իրենց գործողություններին, իհարկե, ամեն ինչ անհրաժեշտության դեպքում մենք կանենք», – հայտարարել է ԼՂ պաշտպանության նախարարը:
«Ապրիլյան այս սկզբից մինչև հիմա արդեն անց են կացնում նորից էլի զորավարժություններ: Դա պայմանավորված է ինչ-ինչ առիթներով», – ասել է Լևոն Մնացականյանը՝ առաջնագծում ադրբեջանական զինուժի նման ակտիվությունը պարզաբանելով հետևյալ կերպ․ – «Կհամարեի, որ այդ բոլոր աշխուժությունը հենց կապված է հայաստանյան, Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, և ես կհորդորեի, որպեսզի այդ հրահրողները՝ նման անկարգությունների, որպեսզի հետևություն անեին,որպեսզի իմանան՝ մենք ունենք գերխնդիր՝ Արցախի Հանրապետության ձեռք բերած անկախության օրինական հաստատում, և բոլորս պետք է մեր ջանքերն ուղղենք հենց այդ նպատակին, այլ ոչ թե, չգիտեմ, ինչ-ինչ նեղ խմբերի կարծիքներ ներկայացնել որպես իրականություն»: