Հայաստանը ԵվրԱզէս-ին անդամակցելու պաշտոնական առաջարկ չի ստացել. վարչապետ
Հայաստանը Եվրասիական միությանն անդամակցելու պաշտոնական հրավեր չի ստացել: Քիչ առաջ խորհրդարանում այս մասին հայտարարեց ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Պատասխանելով ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանի հարցին, Տիգրան Սարգսյանն ասաց, որ վերջին շրջանում ՀՀ եւ ԱՊՀ տարածքում բուռն քննարկման առարկա դարձած թեման գտնվում է մեր օրակարգում:
“Պաշտոնապես հրավեր մասնակցելու այս միությանը մենք չենք ստացել այն պարզ պատճառով, որ քննարկումները, թե իրենից ինչ է ներկայացնելու ԵվրԱզէս-ը, ինչ ֆորմատ է ունենալու, դեռեւս ավարտված չեն, բայց մենք շատ կարեւորում ենք այն հանգամանքը, որ մենք հենց այսօրվանից այդ քննարկման մասնակիցն ենք”,-նշեց վարչապետն ու ներկայացրեց ՀՀ կառավարության պաշտոնական տեսակետը.
” ՀՀ շահագրգռված է ինտեգրացիոն գործընթացներում ինչպես ԵվրԱզէս-ի , այնպես էլ ԱՊՀ եւ ԵՄ շրջանակներում: Մենք նույնպես համաձայն ենք, որ այդ գործիքները պետք է կատարելագործվեն եւ համապատասխանեն ժամանակակից աշխարհի մարտահրավերներին:
Մենք համարում ենք , որ սխալ է ինտեգրացիոն գործընթացները հակադրել մեկը մյուսին եւ այդ առումով ՌԴ քաղաքական իշխանության հայտարարությունները համընկնում են մեր դիրքորոշման հետ , այսինքն, ԵՄ ինտեգրացիոն գործընթացները երբեք չի կարելի հակադրել ԱՊՀ եւ ԵվրԱզէս-ի շրջանակներում իրականացված գործընթացներին: Մենք այս գործընթացները դիտարկում ենք որպես փոխլրացնող գործընթացներ”:
Տիգրան Սարգսյանը շեշտեց, որ բոլոր քննարկումները լինելու են բաց եւ հրապարակային եւ ԵվրԱզէս-ի ձեւաչափի վերաբերյալ փաստաթղթի առկայության դեպքում, այն հրապարակայնորեն կքննարկվի:
Արծվիկ Մինասյանն արձագանքեց, նշելով, որ ՀՅԴ-ն շահագրգիռ է մասնակցություն ունենալ հարցի շուրջ ծավալվող քննարկումներին: Պատգամավորը վարչապետից հետաքրքրվեց նաեւ այսպես ասած` “Ճանապարհային քարտեզի” գոյության մասին:
Ի պատասխան, վարչապետը ասաց.”ՀՀ իր արտաքին քաղաքականության մեջ չի կարող մտնել ինչ-ինչ խաղերի մեջ եւ դիվանագիտություն խաղալ: Դա խիստ վտանգավոր է փոքր երկրի համար”:
Վարչապետի հավաստիացմամբ` եվրաինտեգրացման շրջանակներում իրականացվող բոլոր քննարկումները բաց են ՀՀ բոլոր գործընկերների համար: Վարչապետը ընդգծեց, որ ՀՀ դիրքորոշումն արտաքին քաղաքական հարցերի վերաբերյալ արժանանում են թե ՌԴ, թե ԵՄ , թե ԱՄՆ-ի հավանությանը, այն առումով, որ այդ գործընթացները բխում են փոխադարձ տնտեսական ու քաղաքական շահերից: