Զուրաբյանի ու Մանուկյանի տարբերությունն` ըստ Գրիգորիչի
”Միայն ընդդիմությունը կարող է մտածել, որ ինքը հարց կառաջադրի ու ոտքի վրա բոլորը պիտի աշխատեն”,-այսօր ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպմանն ասաց ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանն՝ ամփոփելով անցած քառօրյայի աշխատանքները:
Նրա խոսքով`չի բացառվում, որ կստեղծեն ժամանակավոր հանձնաժողով, որը հասարակությանը տեղյակ կպահի հասարակությանը հուզող խնդիրները: ”Հենց այնպես հանձնաժողովներ չի կարելի ստեղծել: Եթե դա պահանջ դառնա, կստեղծվի: Բայց հանձնաժողովի աշխատանքները նախկինում շահարկումների թեմա են դարձել, արդյունավետությունը չեմ տեսնում, որովհետև կդառնա քաղաքական շահարկումների առարկա՝ ինչպես ընդդիմությունն է բոլորին հանցագործի վերածում”:
Գալուստ Սահակյանն, անդրադառնալով նաև ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի հայտարարությանը, թե իշխանությունները կեղծելով են ընտրվել` ասաց. ”Մարդիկ կան` իրենց տեսակով անհավատ են: Ձեր ասած անձն այն քաղաքական գործիչը չէ, որևին հավատալը կամ չհավատը մեծ ձեռքբերում կլինի: ՀԱԿ-ը, կարծես թե, ընտրություններից հետո տարբեր խմբեր ունի՝ մեկ պատուհանի արժեքով չի աշխատում: Վերաբերմունքի տեսակետից ինձ ընդունելի են Արամի մոտեցումները, որովհետև նա մի քանի հարկ բարձր է ձեր ասած անձից և նա խոսում է այն մասին, ինչին հավատում է: Մյուսները փորձում են շահարկումների դաշտ մտնել, դիվիդենտներ շահել: Արամի խոսքն ինձ համար ընդունելի չէ, բայց ազնիվ է, ինչը գնահատելի եմ համարում: ՀԱԿ-ում բավական լուրջ քաղաքական գործիչներ կան, բայց մնացածները շղարշի հետևը թաքնված մարդիկ են, որոնք չգիտեմ՝ ինչ են ցանկանում, ինչ են որդեգրել”: