Փոփոխություն ծառայողական մեքենաների գրանցման ու տրամադրման կարգում
Կառավարությունն այսօրվա նիստին փոփոխություններ կկատարի իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկի մեջ: Որոշման նախագծում ասված է, որ նպատակը սահմանված կարգավորումները ՀՀ հարկային օրենսգրքով սահմանված կարգավորումներին համապատասխանեցնելն է:
Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման 1-ին կետով հաստատված հավելվածի 3-րդ կետով սահմանված են պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաները գրանցելու, վերագրանցելու և համարանիշներ տալու համար Հայաստանի Հանրապետության ոստիկանություն ներկայացվող փաստաթղթերի ցանկը, մասնավորապես, «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով նախատեսված բնապահպանական վճարի (միայն գրանցման ժամանակ) անդորագիրը:
Խնդիրն այն է, որ 2018 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի ուժի մտնելով պայմանավորված` ուժը կորցրած է ճանաչվել «Բնապահպանական վճարների դրույքաչափերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջանում համապատասխան փոփոխություններ կատարել նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի թիվ 2326-Ն որոշման մեջ:
Նախագծի կարգավորման առարկան պետական մարմինների ծառայողական ավտոմեքենաների գրանցման, վերագրանցման և պետհամարանիշների տրամադրման կարգն է: