Առաջին անգամ Ուրիխանյանին գոհացրեց նախարարի պատասխանը…”հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածել”
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Տիգրան Ուրիխանյանն այսօր ԱԺ նիստում նշեց, որ խորհրդարանական հանձնաժողովի նիստում, երբ քննարկվում էր Գլխավոր դատախազի կողմից հաշվետվություն ներկայացնելու առաջարկը, Արդարադատության նախարարի տեղակալը բերում էր հիմնական փաստարկ՝ ներկայացնելով բացասական եզրակացություն՝ ի հեճուկս նախարարի այժմյան դիրքորոշման կամ հայտարարության: Հիշեցնենք, որ այսօր նիստում նախարար Հրայր Թովմասյանն ասաց, որ կառավարությունը կողմ է այս նախաձեռնությանը:
՛՛Համեմատականներ եղան ՄԻՊ, ՏՄՊՊՀ հետ, և ուզում եմ հասկանալ՝ ի՞նչը փոխվեց, ի՞նչը ազդեց Կառավարության դիրքորոշման փոփոխության վրա, ընթացակարգը ասում եք, բայց դրա մասին չէր խոսքը, քննարկման ձևաչափի մասին չէր, հիմնավորումն այն էր, որ դատախազությունը քաղաքական մարմին չէ, հետևաբար այս գործառույթը տրամաբանական չէ: Ուրեմն ի՞նչը փոխվեց այդ իմաստով, որովհետև մեզ համար շատ կարևոր էր այդ հրապարակայնությունը և անմիջական կապը դատախազի ԱԺ հետ, քանի որ նա նշանակվում է ԱԺ ընտրությամբ՛՛,-հարցրեց Ուրիխանյանը:
Թովմասյանը նշեց, որ Կառավարության եզրակացությունն ինքն է ներկայացրել, հստակ երկու հարցադրում է եղել՝ տպագրության և հարակից զեկուցման հետ կապված, և իրենք դեմ են եղել բացառապես սրան, մնացած քննարկումներում Կառավարությունը երբեք դեմ չի եղել: Նախարարը ներողություն խնդրեց նման ընկալման համար, վերահաստատեց, որ իրենք կողմ են հաշվետվության՝ հրապարակայնորեն ներկայացվելուն, պատգամավորների հարցերին դատախազի պատասխանելուն, կարծում է, որ պատգամավորներն իրավունք ունեն համապատասխան ելույթներ ունենալ: Թովմասյանի խոսքով՝ այս առումով իրենց դիրքորոշման փոփոխություն չկա:
Նախարարի այս պատասխանը գոհացրեց ԲՀԿ-ական պատգամավորին, ով ասաց. ՛՛Շնորհակալ եմ, թերևս առաջին անգամ ես Ձեզանից ստացա շատ սպառիչ, ամփոփիչ, գոհացուցիչ պատասխան, որովհետև գիտեք՝ մեզ մեղադրում էին օդ տատանելու մեջ՝ ԱԺ պատգամավորներիս՛՛:
Թովմասյանը նշեց, որ Ցանկացած նման մեղադրանքի համար հրապարակայնորեն ներողություն է խնդրում, որ իր տեղակալի ներկայացման ժամանակ նման տպավորություն է եղել, իսկ այն, որ առաջին անգամ են իրենից նման համապարփակ պատասխան լսում, դա այնքան էլ կախված չի իրենից, նաև պատգամավորներից է կախված:
ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն էլ համերաշխության խրախուսմամբ հանդես եկավ: ՛՛Աշխատեք միասին, աշխատեք: Տեսնու՞մ եք՝ համերաշխությունն ինչքան լավ բան է, հանդուրժողականությունը, թեպետ հավեր լինում են, չէ՞, որ ցանկանում են երկաթե ձու ածել, ոչինչ, ըմբռնումով մոտեցեք՛՛,-շեշտեց ԱԺ նախագահը: