Կառավարությունը կողմ է՝ դատախազը հաշվետվություն ներկայացնի
Այսօր Ազգային ժողովը քննարկում էր մի խումբ պատգամավորների կողմից ներկայացված ԱԺ կանոնակարգ օրենքում լրացում կատարելու մասին և դատախազության մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին և ՛՛Դատախազության մասին՛՛ օրենքի նախագիծը:
Նշենք, որ ըստ սրա՝ նախատեսվում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը դատախազության աշխատանքի վերաբերյալ հաշվետվություն պետք է ներկայացնի ԱԺ-ին:
Հարակից զեկուցող, Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը, պատասխանելով պատգամավորների կողմից հնչեցված հարցին, թե ինչու է Գլխավոր դատախազի կողմից ԱԺ-ում հաշվետու հաղորդումը նախատեսվում ապրիլի 1-ին, և ոչ՝ փետրվարի 1-ին, նշեց, որ ըստ էության դատախազությունն այս հարցը բարձրացրել էր, նշել, որ իրենց մոտ աշխատանքների ամփոփում կատարվում է հունվար ամսին, և որոշակի ժամանակահատված է պետք ամբողջությամբ դրանք ամփոփելու և ներկայացնելու համար:
՛՛Կառավարությունն այն սկզբնական տարբերակի վերաբերյալ երկու առարկություն ուներ, այս տարբերակով դրանք լուծված են, առաջինը՝ նրա վերաբերյալ, որ դա պետք է տպվի, տպագրվի, և հարակից զեկուցման հետ կապված առարկություն կար, այստեղ դրանք չկան, Կառավարության եզրակացությունը այս նախագծի վերաբերյալ դրական է: Հաշվի առնելով այն դիրքորոշումը, որ առաջինից երկրորդ ընթերցում այս հարաբերությունները պետք է կարգավորվեն, լիարժեք քննարկում պետք է լինի ԱԺ-ում, գլխավոր դատախազը պիտի պատասխանի այդ հարցերին, պատգամավորները ելույթների իրավունք ունենան, մինչ այս եղած նախագիծը որոշակիորեն պարզ չէր՛՛,- կառավարության մոտեցումը ներկայացրեց նախարարը: