17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր…

Անանուն

Վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է,
ըսե՛, մասուր ու կանանչե
ցանկապատին շուքին նստած
վայրի՜ ծաղիկ, անունդ ի՞նչ է։

Ըսպիտակ, կաթ ու մազտաքե
բուրող ծաղիկ, անունդ ի՞նչ է.
ըսե՛, քի՛չ մը գեթ չե՞ս դողար,
հովիկն անուշ երբոր փըչե…։

Հըպա՜րտ ծաղիկ, անունն ի՞նչ է
պարիկին, որ անցավ քովեդ,
հեզուկ ու սև սաթի վետվետ
ցայտք մը ձըգած իր քամակեն:

Գիտե՜ս, ծաղի՜կ, անունն ի՞նչ է
դողին՝ զոր քեզ տըվավ հովիկ,
ու ձայնին՝ որ զիս կը կանչե…։

Մերժում

Մեկ համբույրդ զիս պիտ ըներ երջանիկ
դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ,
դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
ես այն օրեն կը տառապիմ տարուբեր։

Դուն զլացար ինձի շնորհն այդ գողտրիկ
ու սևերու մեջ թաթխեցիր իմ մեղրիկ
ժպտիս ցոլքը, մերթ վառվռւն, մերթ հանդարտ
ես այն օրեն եղա թշվառ մը անբախտ։

Դժնե «ոչ» ըդ թքիր ինձի անտարբեր,
այդ «ոչ» ըդ սուր սրտես սորեց արյուններ:
Մերժումի այդ սառ լախտն, ավա՜ղ, վշտագին
գալարեցուց սևերու մեջ իմ հոգին։

Ես այն օրեն կը տառապիմ տարուբեր.
վիշտը սիրտըս իմ ըրավ քանդ ու ավեր,
այն օրեն, երբ սև բաժակըն այդ թույնի
ըմպեցի ես, սիրտըս բյուր բյուր կ՛արյունի։

Երազի օրեր

Կարմիր ծաղիկ մը գարունի
Առտու մը ինծի նվիրեցիր.
Ըզգացի թե տենդեր ունի
Երազկոտ միտքըս ուշացիր։

Խանդաղատանք մը հորդեցավ
Իմ նըվաղկոտ լանջքիս տակ՝
Դողաց սիրո սարսուռն անցավ՝
Ու թովանքը համբույրին հուր։

Եվ ըղձակաթ իմ հեգ հոգիս
Ըզգաց սիրտիդ հուրքն արծարծուն,
Ու մետաքսե ուղի մը զիս
Սեր-Ծաղիկին տարավ ածուն։

Հոն ժըպտեցավ կյանքը ինծի,
Հըմայքներու հույլովն անցավ,
Եվ ուրվական մը կասկածի
Անոր մոտեն երբեք չանցավ։

Վայրկյան

Թույլ շրշյուն մը, հետո բույր մը մշկենի.
և համրագին գիրքը ձեռքես կ’իյնա վար.
երազներու պերճուհին է ու կ’անցնի,
ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար:

Ու կը փոթի ծովակն հոգվույս՝ մեղմավար,
և ալիք մը թևը բացած կը վազե
գրկել ափունքն իղձիս ոսկի ավազե:

Ո՜վ քաղցրությունը նայվածքին իր ծաղիկ.
ո՜վ պերճությունը գընացքին իր հըպարտ.
ճամփուն վըրա՝ իր քայլերուն հետքը վարդ՝
ուր հեշտորեն կը հածի դեռ իմ մենիկ

Սիրտըս՝ բո՜ց մը՝ մըթնշաղին մեջ անհետ…

ՄԻՍԱՔ ՄԵԾԱՐԵՆՑ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ