ԱՄն դեսպանը արյուն նվիրեց Հայաստանին/վիդեո/
«Սիրտ ունես, կյանք փրկիր» կարգախոսի ներքո ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատանը Արյունաբանական կենտրոնի կողմից կազմակերպվել էր անհատույց արյունատվության ակցիա: Ակցիային մասնակցեցին և իրենց շնորհավորական խոսքերն հղեցին դեսպան Հեֆերնը, ՀՀ Առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը և Արյունաբանական կենտրոնի տնօրեն պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը:
«Արյունատվությունը Միացյալ Նահանգներում շատ ընդունված է, – ասաց դեսպանը, – մենք հպարտ ենք համագործակցել Արյունաբանական կենտրոնի հետ, որպեսզի հայկական կազմակերպություններն ու ձեռնարկությունները նույնպես մասնակից դառնան կյանք պարգևելու նախաձեռնություններին»:
Անհատույց արյունատվությունը Հայաստանում դեռևս լայն տարածում չունի: Արյան դոնորների կազմում անհատույց դոնորները կազմում են միայն 4%, դոնորական արյան պահանջարկի 51%-ը լրացվում է հիվանդի հարազատների արյունատվության միջոցով, իսկ 45%-ը փոխհատուցվող /վճարովի/ դոնորներից հավաքագրված արյան միջոցով:
«Մինչև 1960-ական թվականները այսպես էր նաև Միացյալ Նահանգներում, – ասաց ԱՄՆ դեսպանության բժիշկ Էլեն Դեմփսին, – սակայն ժամանակի ընթացքում պարզ դարձավ, որ արյան դիմաց վճարելը միջոցների խելամիտ ծախսում չէ, և սկսվեց կամավոր արյունատվության պրակտիկան, որի շնորհիվ ավելի շատ միջոցներ հնարավոր եղավ ուղղել հետազոտական, ախտորոշիչ աշխատանքներին ու հիվանդների բուժմանը»:
Հայաստանում արյունատվության ներկայիս համակարգի ներքո արյան փոխներարկման անհրաժեշտության դեպքում նախ դիմում են հիվանդի հարազատներին, և եթե նրանք ինչ-ինչ պատճառներով ի վիճակի չեն արյուն հանձնել, ապա դիմում են նախկինում արյան դոնոր հանդիսացած մարդկանց: Այս դոնորները հանձնած արյան դիմաց փոխհատուցվում են:
Արյունաբանական կենտրոնում առկա են բավարար քանակության արյան պաշարներ, սակայն դեռևս քիչ են անհատույց դոնորներից հավաքագրված արյան քանակները, ուստի Կենտրոնը ցանկանում է հնարավորինս ավելացնել անհատույց կամավոր դոնորների թիվը: Այս մոտեցումը ընդունված է բոլոր զարգացած երկրներում և երաշխավորվում է ինչպես Եվրախորհրդի, այնպես էլ Առողջապահության Համաշխարհային կազմակերպության կողմից:
Այս ակցիայի շրջանակներում հավաքագրված արյունը անվճար կտրամադրվի հիվանդ երեխաներին և կարիքավոր մեծահասակներին: Եթե հետաքրքրված ընկերություններ կամ կազմակերպություններ լինեն, ապա Արյունաբանական կենտրոնը պատրաստ է կազմակերպել արյունատվության ակցիաներ ինչպես այդ կազմակերպություններում, այնպես էլ Արյունաբանական կենտրոնում:
«Ուրախ ենք, որ Հայաստանում նման նախաձեռնություն է մեկնարկում, – ասաց պրոֆեսոր Սմբատ Դաղբաշյանը, – կամավոր անհատույց դոնորներից հավաքագրված արյան պաշարները շատ քիչ են, արյան կարիք միշտ էլ կա, և անհրաժեշտ է հասնել նրան, որ պաշարները հիմնականում համալրվեն կամավոր անհատույց դոնորների կողմից հանձնած արյան հաշվին»: Անհատույց արյուն հանձնելու ցանկություն ունեցող անձինք կարող են զանգահարել Արյունաբանական կենտրոն 010 283823 հեռախոսահամարով: