Ցուցակից դժգոհողները կարող էին այն լքել. “Ազատ Դեմոկրատները” չեն զիջելու
“Նման լուրեր տարածելն եմ համարում անբարոյական: Ինձնից հրաժարական կարող են պահանջել միայն իմ ընտրողները եւ իմ կուսակցությունը”, -Henaran.am-ին ասել է “Ազատ դեմոկրատներ” կուսակցության վարչության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը` անդրադառնալով շրջանառվող այն տեղեկություններին, թե Րաֆֆի Հովյաննիսյանի` մանդատից հրաժարվելու դիմումից հետո ազատված մանդատի հարցն օպտիմալ տարբերակով լուծելու համար Խաչատուր Քոքոբելյանից, այսպես ասած, “բարոյական հրաժարական” է ակնկալվում:
“Ժառանգության” եւ “Ազատ դեմոկրատների” միասնական ցուցակում, Խաչատուր Քոքոբելյանի խոսքով, այս պահին որեւէ փոփոխություն չկա եւ “Ազատ դեմոկրատները” ցուցակի փոփոխության հարց չեն քննարկել:
Henaran.am-ն ավելի վաղ տեղեկացրել, էր, որ ցուցակի հաջորդ անցողիկ հորիզոնականում գտնվում է քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Թեւան Պողոսյանը, որին հաջորդում է “Ազատ Դեմոկրատների” ներկայացուցիչ Մասիս Այվազյանը: Մեզ հասած տեղեկություններով, “Ժառանգությունում” հակված են Թեւան Պողոսյանին կամ Ստյոպա Սաֆարյանին տեսնել խորհրդարանում, որը հաջորդում է Մասիս Այվազյանին:
Խաչատուր Քոքոբելյանի խոսքով, ազատված մանդատի հարցը կարող է լուծվել բացառապես օրենքի շրջանակներում: “Անկեղծ ասած ինձ համար դա նորություն էր, որ “Ժառանգությունում” նրանց են ուզում տեսնել: Ես կարող եմ մի բան ասել, որ այդ հարցն օրենքով է որոշվում եւ յուրաքանչյուրն ինքն է որոշում իր տեղը զիջել, թե ոչ: Մինչեւ ընտրությունները, երբ այդ ցուցակը ներկայացվել է ԿԸՀ, բնականաբար բոլորը գիտակցել են, որ այդ մարդիկ ինչ հերթականությամբ են ընդգրկված ցուցակում, եթե կային մարդիկ, որոնք դժգոհ էին այդ ցուցակից, իրենք հնարավորություն ունեին արտահայտվելու եւ լքելու այդ ցուցակը, որն իրենց չէր բավարարում”,-Henaran.am-ին ասել է Խաչատուր Քոքոբելյանը :
Անդրադառնալով երկու կուսակցությունների փոխհարաբերություններին, Խաչատուր Քոքոբելյանն ասել է, որ “Ազատ դեմոկրատների” եւ “Ժառանգության” միջեւ հարաբերությունները միշտ եղել են աշխատանքային ու կառուցողական եւ այսօր էլ այդպիսին են: Ինչ վերաբերվում է սպասվող նախագահական ընտրություններին կուսակցության դիրքորոշմանը, Րաֆֆի Հովհաննիսյանի` նախագահական ընտրություններում առաջադրվելու դեպքում, “Ազատ Դեմոկրատները” կպաշտպանեն նրա թեկնածությունը: