25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Գործնական քայլեր՝ «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանն ուղղված

Գործադիրն ընդունել է մի շարք որոշումներ, որոնք ուղղված են «Ազգ-բանակ» հայեցակարգի իրականացմանը: 
Պաշտպանության նախարարի պաշտոնակատար Վիգեն Սարգսյանը, մինչև հարցերը ներկայացնելը, նշել է, որ այսօր արվում է «Ազգ-բանակ»-ի իրականացման առումով շատ կարևոր չորրորդ քայլը: Առաջին քայլը, ըստ Վիգեն Սարգսյանի, գաղափարականն էր, որը բխում էր հանրապետության երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի ելույթներից և ուղեցույցային հիմնական մոտեցումներից, կառավարության գործունեության ծրագրից և վերաբերում էր բանակաշինությանը, բանակ-հասարակություն կապի ամրապնդմանը: «Երկրորդ կարևոր քայլը իրավական էր: Մենք երկու կարևոր օրենք ընդունեցինք, որոնցով համախմբեցինք մինչ այդ գործող 7 օրենքները և հարմարեցրեցինք դրանք արագ ու դինամիկ քաղաքականություն ներդնելու հնարավորություններին, համապատասխանեցրեցինք Սահմանադրությունից բխող նոր պահանջներին: Երրորդ կարևոր քայլն արդիականացման ծրագիրն էր, որն առաջիկա 7 տարվա համար բանակի զարգացման շատ գործնական ճանապարհային քարտեզ է: Չորրորդ կարևոր քայլը մենք այսօր ենք կատարում. վեց բլոկ որոշումներ եմ բերել այսօրվա նիստին, որոնցով մենք կոնկրետ ծրագրեր ենք ներդնում այս ամբողջ գաղափարախոսությունից անցնելու շատ կիրառական գործնական քայլերի», – պարզաբանել է պաշտպանության նախարարի պաշտոնակատարը:
Այսպիսով՝ կառավարությունը սահմանել է.
-բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու կարգը: Ըստ այդմ՝ սահմանվում են ՀՀ պաշտպանության նախարարության այն ռազմաուսումնական հաստատությունները, որոնցում օրենքով սահմանված դեպքերում քաղաքացիներն անցնելու են զինվորական պատրաստություն, զինվորական պատրաստություն անցնելու պայմանները և ժամկետները, զինվորական պատրաստության կազմակերպման ընթացքը և ավարտը, քաղաքացիներին զինվորական պատրաստությունից ազատելու և/կամ հեռացնելու պայմանները:
-նպատակային ուսումնառության համար քաղաքացուն պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու և տրված տարկետումը դադարելու պայմանները: Ըստ այդմ՝ սահմանվում են հայտարարված զորակոչի շրջանակներում ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատություններում բակալավրի կամ դիպլոմավորված մասնագետի կամ ինտեգրացված կրթական ծրագրով առկա ուսուցմամբ սովորող և ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած քաղաքացիների հաշվառման, նրանց ընտրության (թեստավորման միջոցով), թեստավորման արդյունքներով հաղթող ճանաչվածների հետ քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքելու և տարկետում տրամադրելու պայմանները, կնքվող պայմանագրի օրինակելի ձևը: 
-սպորտի, գիտության և կրթության, ինչպես նաև մշակույթի և արվեստի բնագավառներում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիներին պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալու կարգերն ու պայմանները: Ըստ այդմ՝ սահմանվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ՀՀ կառավարության որոշմամբ քաղաքացուն տարկետում տալու գործընթացի շրջանակում իրականացվող ընթացակարգերը, նախատեսվում է համապատասխան բնագավառում նշանակալի նվաճումների չափորոշիչները, ինչպես նաև տրամադրված տարկետման ժամկետի ավարտից հետո կրկին անգամ տարկետում տրամադրելու պայմանները: 
-ՀՀ պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններում զինվորական ծառայություն անցնելու ցանկություն հայտնած շարքային կազմի պարտադիր զինծառայողներին զինվորական ծառայությունից արձակելիս հաշվարկվող պատվովճարի չափը, տրման կարգը և պատվովճարի տնօրինման ուղղությունները: Որոշման համաձայն սահմանվում են այդ զինծառայողներին հաշվարկվող պատվովճարի չափը, որը զինվորական ծառայության ժամկետը լրանալու հիմքով զինվորական ծառայությունից արձակելու դեպքում կազմում է 5.000.000 մլն դրամ, իսկ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ոչ պիտանի ճանաչելու հիմքով ժամկետից շուտ զինվորական ծառայությունից արձակելու դեպքում հաշվարկվում է նշված գումարը 36 ամիսների վրա բաժանելու և ստացված մեկ ամսվա գումարը մինչև զինվորական ծառայությունից արձակելու ամիսը ներառյալ ծառայած ամիսների թվի վրա բազմապատկելու արդյունքում ստացված չափով: Սահմանվում են նաև պատվովճարի տնօրինման ուղղությունները: 
-զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը, ինչպես նաև քաղաքացու կամ զինծառայողի առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները: Հստակեցվում են քաղաքացիների առողջական վիճակը բնորոշող հիվանդությունները, դրանց արդյունքում քաղաքացիների տարկետումների կամ ազատումների ձևակերպումները համապատասխանեցվում են «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի պահանջներին, սահմանվում են առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները՝ ի դեմս սահմանափակումների բնութագրերի և չթույլատրվող ֆիզիկական վարժությունների: 
Կառավարությունն ընդունել է համապատասխան որոշում, որով կապահովվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով՝ քաղաքացու առողջական վիճակի հետազոտման և բժշկական փորձաքննության, հետազոտման և փորձաքննության ուղեգրման գործընթացների, հետազոտում և բժշկական փորձաքննություն իրականացնող մարմինների և դրանց գործունեության կարգերի հաստատման, փորձաքննության եզրակացությունների ձևերի սահմանման, բժշկական հետազոտությունների և բժշկական հաստատությունների ցանկերը սահմանելու, իրականացված ծառայությունների դիմաց փոխհատուցման գործընթացի պատշաճ իրականացումը, փորձաքննության կարգի նվազ խոցելիությունը և հանրային թաձանցիկությունը, կբացառվեն ոչ հստակ բնութագրող, հակասական, վերացական պարզաբանումները և փորձաքննական սահմանային ախտորոշումները, կնվազեցվեն կոռուպցիոն ռիսկերը:
Գործադիրի որոշմամբ նախատեսվում է նաև ՀՀ պաշտպանության նախարարությանն ամրացված` ՀՀ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գտնվող շենք-շինությունները և հողամասը հետ վերցնել և նվիրել Գյումրիի քաղաքային համայնքին՝ ըստ կարիքների օգտագործելու համար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ