25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կառավարությունում ոռոգման սեզոնի մեկնարկին ու ջրամբարաշինության ոլորտում ներդրումային ծրագրերին վերաբերող հարցեր են քննարկվել

Վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ժամանակ քննարկվել են ոռոգման սեզոնի մեկնարկին և միջին ու փոքր ջրամբարաշինության ծրագրերի իրականացման ընթացքին առնչվող հարցեր:

Անդրադառնալով ջրամբարների լցվածության մակարդակին՝ Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը զեկուցել է, որ ներկա դրությամբ լցվածությունը կազմում է 480,5 մլն խմ, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ քիչ է 30 մլն խմ-ով, իսկ 2016-ի համեմատ պակաս է 115 խմ-ով: Սևանա լճի մակարդակը տարվա այս ժամակահատվածում կազմել է 1900 մետր 56 սմ, նույնքան, որքան 2017-ի համապատասխան ժամանակահատվածում: Նշվել է, որ մարտի 22-ից արդեն իսկ սկսվել է Արփա-Սևան թունելով ջրի բացթողնման գործընթացը: Ըստ Արսեն Հարությունյանի՝ ջրամատակարարման առումով հիմնական խնդիրը կապված է Ախուրյանի ջրամբարից սնվող  հողատարածքների հետ: Ներկա դրությամբ Ախուրյանի ջրամբարում առկա է 336 մլն խմ ջուր, ինչը 2017-ի նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 36 մլն խմ-ով: Կոմիտեի նախագահը, սակայն զեկուցել է, որ խնդիրը կարգավորելու նպատակով միջոցներ են ձեռնարկվել 20 շարժական պոմպակայանների գործարկման նպատակով, միաժամանակ, տարբեր տարածաշրջաններում  աշխատանքներ են տարվում նաև խորքային հորերի հորատման ուղղությամբ:

Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահը զեկուցել է նաև, որ մի շարք հանդիպումներ են ունեցել մասնավոր ներդրողների հետ, որոնք հետաքրքրված են մեր երկրում փոքր և միջին ջրամբարների կառուցմամբ: Արսեն Հարությունյանի խոսքով՝ կոմիտեն «Հայջրնախագիծ ինստիտուտ» ՓԲԸ-ի հետ քննարկել է հանրապետությունում ավելի քան 30 փոքր և միջին ջրամբարների կառուցման հնարավորությունը, որից առանձնացվել է առաջնահերթ կառուցման ենթակա 11 ջրամբար՝ հիմք ընդունելով նախնական գնահատմամբ տեխնիկատնտեսական նպատակահարմարության ցուցանիշները: Նշվել  է, որ մինչ այժմ հանրապետությունում ջրամբարաշինությունն իրականացվել է վարկային միջոցներով (Մարմարիկ, Վեդի, ուսումնասիրության փուլում գտնվող Կապս, Սելավ Մաստարա), սակայն ներկայումս առաջնորդվելով ՀՀ կառավարության կողմից որդեգրված պետություն-մասնավոր գործակցության ակտիվացման քաղաքականությամբ՝ կոմիտեն նախանշել է նաև փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերը պետություն-մասնավոր գործընկերության շրջանակներում իրականացնելու տարբերակներ՝ միաժամանակ գնահատելով հարակից բիզնես հետաքրքրության շրջանակները: Առաջնահերթ նախատեսվող 11 ջրամբարների ընդհանուր ծավալը կազմում է 43,2 մլն խմ, իսկ ներդրումների չափը՝ 34,2 մլրդ դրամ: Ջրամբարները 17 հազար հեկտար  հողատարածք կոռոգեն:

Կարեն Կարապետյանը կարևորել է փոքր և միջին ջրամբարաշինության ծրագրերի իրականացումը մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ և հանձնարարել Ջրային տնտեսության պետական կոմիտեին՝ Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի հետ համագործակցությամբ սեղմ ժամկետներում պատրաստել ներդրումային ծրագրերի փաթեթներն ու տեխնիկատնտեսական հիմնավորումները: «Մենք պետք է ունենանք գյուղատնտեսությունը  ոռոգման ջրով ապահովելու ռազմավարություն:  Պետք է նաև պետություն-մասնավոր համագործակցությամբ հասնենք հանրապետությունում խնդրի լուծմանը»,- ասել է վարչապետի պաշտոնակատարը՝ ավելացնելով, որ արդեն ընթացիկ տարվա հոկտեմբերին Ջրային տնտեսության պետական կոմիտեն պետք է 2019 թվականի ջրամատակարարման ողջ ծրագիրն ունենա՝ բարձրացնելով ջրամատակարարման ոլորտում կարգապահությունը:

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ