Որոնք են եղել Սերժ Սարգսյանի ձեռքբերումները
«Ես խմբակցության կազմում եմ, դեռ խմբակցությունն իր վերջնական որոշումը չի կայացրել, պարոն Բաղդասարյանն էլ հայտարարեց, որ խմբակցության յուրաքանչյուր անդամի կարծիք հաշվի է առնվելու»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ Տաճատ Վարդապետյանն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք ՀՀԿ-ում քննարկվել է, որ Սերժ Սարգսյանն է լինելու վարչապետի թեկնածուն, ինչի մասին հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանը:
Պատգամավորն ընդգծեց. «Իմ կարծիքը Կարեն Կարապետյանին համակարծիք է»: Նա կարծում է, որ մեծամասնությունն էլ է այդպես գտնում:
«Սերժ Սարգսյանի ղեկավարության տարիներին մենք ունեցել ենք լրջագույն ձեռքբերումներ, առաջին հերթին մեր բանակի հզորացումն ու սահմանների անառիկությունը, նաև տնտեսական ոլորտում աճ ունենք, նաև համառ պայքար է մղվում կոռուպցիայի դեմ, այնպես որ, դրականն ավելի շատ է»,-հավելեց Վարդապետյանը:
Ըստ նրա՝ բացթողումները ձեռքբերումների համեմատ անհամեմատ քիչ են: «Սերժ Սարգսյանն իր քաղաքական ու պետականաշինության գործընթացը նոր չի սկսել, իսկապես նա պետական մտածողությամբ օժտված, հայի դասական օրինակ է»,-հավելեց նա: