Դիմադրեք սատանային
Հնազանդուեցէ՛ք, ուրեմն, Աստծուն եւ դիմադրեցէ՛ք սատանային, ու նա կփախչի ձեզնից: Մօտեցէ՛ք Աստծուն, եւ նա կմերձենայ ձեզ: Մեղաւորնե՛ր, մաքրեցէ՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցէ՛ք ձեր սրտերը. տառապեցէ՛ք, սգացէ՛ք եւ լացէ՛ք. ձեր ծիծաղը սգի թող վերածուի, եւ ձեր ուրախութիւնը՝ տրտմութեան: Խոնա՛րհ եղէք Տիրոջ առաջ, եւ նա ձեզ կբարձրացնի: Եղբայրնե՛ր, միմեանց մի՛ բամբասէք. ով բամբասում է իր եղբօրը կամ դատում է իր եղբօրը, չարախօսում է օրէնքի մասին եւ դատում է օրէնքը. իսկ եթէ օրէնքն ես դատում, օրէնքը պահող չես, այլ՝ դատաւոր: Կայ մէկ Օրէնսդիր եւ Դատաւոր, որ կարող է փրկել եւ կործանել. դու ո՞վ ես, որ դատում ես քո մերձաւորին: Այժմ՝ նրանց մասին, որ ասում են. «Այսօր կամ վաղը կգնանք այսինչ քաղաքը, մէկ տարի կմնանք այնտեղ, կվաճառենք եւ կվաստակենք»: (Այսպէս էք ասում դուք, որ ոչինչ չգիտէք վաղուայ մասին. որովհետեւ ի՞նչ է ձեր կեանքը. յիրաւի, մի մշուշ է այն, որ մի պահ երեւում է եւ ապա անհետանում): Մինչդեռ պէտք էր ասել. «Եթէ Տէրը կամենայ, եւ ապրենք, կանենք այս կամ այն բանը»: Բայց արդ, պարծենում էք ձեր ամբարտաւանութեամբ: Այսպիսի ամէն պարծանք չար է: Ով որ գիտէ, թէ ինչ է բարին, եւ չի անում, նրա համար այդ մեղք է:
Հակոբոս առաքյալի թուղթը 4.7-17