Արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է. ԱԳՆ
«Հայաստանի Հանրապետության` մի կողմից, Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների` մյուս կողմից, միջև համապարփակ և ընդլայնված գործընկերության» համաձայնագիրը վավերացնելու հարցի քննարկմանը ԱԺ փոխնախագահ, «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշեց՝ քանի որ խոսք է գնացել համաձայանագրում մեր ատոմակայանի անվտանգության հետագա ապահովման համար, պարզ չէ ճակատագրի հետ կապված ինչ քայլեր է նախաձեռնվում: «Հստակ ի՞նչ պարտավարություններ է ունենալու ՀՀ-ն, եթե վավերացնենք համաձայնագիրը մեր ատոմակայանի մասով, որովհետև գիտեք՝ 300 մլն վարկի շրջանակներում ռեսուրսի 10 տարով երկարացում ենք իրականացնում մինչև 2027 թվականը, և դրան համարժեք էներգետիկ կարողություններ չենք ունենալու»,-հարցրեց նա:
Հիմանական զեկուցող ԱԳ փոխնախարար Կարեն Նազարյանը պատասխանեց, որ համաձայանագրի ստորագրումից հետո եղան տարբեր մեկնաբանություններ՝ կապված այս կամ այն թեմայի հետ, և Մեծամորի ատոմակայանի թեման չշրջանցվեց: «Եղան լուրեր, այդ թվում նաև անհիմն, արհեստականորեն էին շրջանառվում, թե իբրև ատոմակայանը փակվելու է»,-ասաց նա և շեշտեց, որ էներգետիկայի բնագավառում մենք ԵՄ-ի հետ պայմանավորվել ենք համագործակցել՝ գործընկերության փոխադարձ շահի, թափանցիկության և կանխատեսելիության սկզբունքների հիման վրա: «Այդ համագործակցությունը պետք է կանխատեսելիություն ընդգրկի, այդ թվում Մեծամորի ատոմակայանի անվտանգ ապագործարկման համար ճանապարհային քարտեզի և կամ գործողությունների պլանի վաղաժամկետ ընդունման դեպքում: Այսինքն՝ խոսքը գնում է ճանապարհային քարտեզի վաղաժամկետ ընդունման, ոչ թե փակման մասին»,-ասաց նա: