25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Հանրային խորհրդում քննարկել են «Նաիրիտի» վերագործարկման հարցը

Հանրային խորհրդի ֆինանսատնտեսական և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր շահագրգիռ կողմերի մասնակցությամբ աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել «Նաիրիտ» գիտաարտադրական միավորման վերագործարկման հնարավորությունների վերաբերյալ: Քննարկումը կազմակերպվել է՝ հաշվի առնելով գործարանի նախկին աշխատակիցների՝ Հանրային խորհուրդ ուղղված դիմումը, որով առաջարկվում է քննարկման դնել գործարանի վերագործարկման հարցը:

Քննարկմանը մասնակցել են հանձնաժողովի նախագահ Վազգեն Սաֆարյանը, հանձնաժողովի անդամներ, ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի խորհրդական, «Նաիրիտի» նախկին տնօրեն Լևոն Շահվերդյանը, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-իսնանկության գործով կառավարիչ Կարեն Ասատրյանը, գործարանի մի խումբ նախկին աշխատակիցներ, պրոֆեսորներ, ոլորտի փորձագետներ:

Լևոն Շահվերդյանը, որը 2005 թվականին մեկուկես տարով եղել է գործարանի տնօրենը, այժմ էլ շահագրգռված է գործարանի վերագործարկմամբ և ակտիվ աշխատանքներ է իրականացնում հնարավոր ներդրողներ գտնելու, գործարանով հետաքրքրված ընկերությունների հետ բանակցություններ վարելու ուղղությամբ:

Շահվերդյանը տեղեկություններ է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ և նշել այն հիմնական պատճառները, թե ինչու ի վերջո գործարանի նկատմամբ վերջնական հետաքրքրություն չի առաջանում, և բանակցություններն արդյունք չեն տալիս: Պատճառների մեջ Շահվերդյանը մատնանշել է, օրինակ, Հայաստանում էներգակիրների թանկության խնդիրը: Այնուամենայնիվ, նա համոզմունք է հայտնել, որ «Նաիրիտի» վերագործարկումն իրատեսական է:   

Գործարանի սնանկության գործով կառավարիչը ներկայացրել է սնանկության գործընթացը՝ նշելով, որ այս պահին էլ շարունակվում են բանակցություններ հնարավոր գնորդների հետ: Նրա խոսքով, գործարանով հետաքրքրվողներին առաջին հերթին հետաքրքրում է գործարանի անվտանգության հարցը: Գործարանի նկատմամբ հետաքրքրության բացակայությունը ներդրողների կողմից նա հիմնավորել է նաև սարքավորումների խիստ մաշվածությամբ և ժամանակակից միտումներին չհամապատասխանելու գործոնով, ինչը լրացուցիչ ֆինանսական մեծ ներդրումների հարց է առաջացնում:

«Նաիրիտի» նախկին աշխատակիցները, սակայն, համամիտ չեն եղել հնչած տեսակետներին, թե գործարանի վերագործարկումը վտանգավոր է կամ ներդրումների առումով ռիսկային: Նրանք ներկայացրել են առաջարկներ, թե ինչպես կարելի է գործարանը ոտքի կագնեցնել՝ վերականգնելով նախ մի քանի հիմնական արտադրությունները, ապա անցնելով առավել ընդլայնված գործունեութան: Նրանք մտահոգություն են հնչեցրել առկա գիտական ռեսուրսը կորցնելու առումով, ինչը հետագայում հնարավոր չի լինի կամ շատ դժվար կլինի վերականգնել:

Քննարկման մասնակից փորձագետները նույնպես ներկայացրել են հիմնավորումներ «Նաիրիտի» վերագործարկման անհրաժեշտության և հնարավորությունների վերաբերյալ, պատրաստակամություն հայտնել աջակցելու խնդրի բարձրացմանն ու համապատասխան միջոցառումների իրականացմանը:

Վազգեն Սաֆարյանն առաջարկել է ստեղծել աշխատանքային խումբ, որը կուսումնասիրի գործարանի առկա ռեսուրսները և իրատեսական լուծումներ կառաջարկի: Ըստ Սաֆարյանի՝ գործարանի վերագործարկումը հնարավոր կլինի իրականացնել միայն պետություն-մասնավոր հատված գործընկերության շրջանակներում:

Ամփոփելով աշխատանքային խորհրդակցությունը՝ Վազգեն Սաֆարյանը հայտնել է, որ քննարկման արդյունքների հիման վրա կպատրաստվի փաստաթուղթ, որը կներկայացվի ՀՀ կառավարություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ