31 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ռուսաստանն այս պահին փորձում է օգտվել Թուրքիա-Արևմուտք սրված հարաբերություններից. քաղաքագետ

«Ռուսաստանն այս պահին փորձում է օգտվել Թուրքիա-Արևմուտք և հատկապես՝ ԱՄՆ սրված հարաբերություններից կամ Թուրքիա-Իսրայել սրված հարաբերություններից, չգիտեմ՝ որքանով հեռու կգնա համագործակցությունը, որովհետև այս պահի դրությամբ ակնհայտ է, որ դա ավելի շատ հենված է տնտեսական շահի վրա, ոչ թե աշխարհաքաղաքական»,-այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը: Ըստ նրա՝ ամեն դեպքում մի շարք հարցերում Ռուսաստանը ճանաչել է Թուրքիայի իրավունքը՝ լինել ակտիվ գործոն Սիրիայում և Մերձավոր Արևելքում:

«Կարելի է ասել, որ պաշտպանական գիծն արդեն տեղափոխվել է Հարավային Կովկաս: Թուրքիան ևս փորձում է այստեղ իր ներկայությունը ավելի զգալի կամ ազդեցիկ դարձնել»,-նշեց նա: Հարցին՝ Թուրքիայի ակտիվացումն ինչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար, քաղաքագետը պատասխանեց. «Կարծում եմ՝ Թուրքիայից բխող ռիսկերն, ըստ էության, շատ բացահայտ են, Թուրքիան էլ չի թաքցնում իր մոտեցումը Հայաստանի համար կենսական կարևորություն ունեցող մի շարք հարցերի նկատմամբ, օրինակ՝ նույն արցախյան հակամարտության կարգավորման հարցում, բոլորս գիտենք Թուրքիայի բացահայտ աջակցությունը Ադրբեջանին, այսինքն՝ որևէ միջնորդական կամ հավասարակշռված մոտեցում այնտեղ իսպառ բացակայում է, և Թուրքիան բացի քաղաքական աջակցությունից, շատ գործուն մասնակցություն է ունենում  ԶՈՒ կայացմանը»:

Ըստ նրա՝ Թուրքիան ամեն ինչ անում է, որ Ադրբեջանն ավելի մեծ դերակատարում ունենա միջտարածաշրջանային տարբեր պրոյեկտներում՝ լինի դա տնտեսական, քաղաքական, թե ռազմական համագործակցության: «Ընդամենը մի քանի օր առաջ Թուրքիայի տարածքում տեղի ունեցավ Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի Պաշտպանության նախարարների հանդիպումը, այսինքն՝ այստեղ իրենց ագրեսիվ քաղաքականությունը միանշանակ է՝ և միջազգային կառույցներում, և անմիջապես սահմաններին»,-եզրափակեց բանախոսը:

 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ