Կարեն Կարապետյանը «Մայքրոսոֆթ»-ի ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության ղեկավարի հետ քննարկել է Հայաստանի թվային օրակարգին առնչվող հարցեր
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է «Մայքրոսոֆթ» ընկերության ԱՊՀ տարածաշրջանի ներկայացուցչության նախագահ Ռոնալդ Բինկոֆսկիին: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի թվային օրակարգի ձևավորման ուղղությամբ ՀՀ կառավարության, մասնավորապես, «Թվային Հայաստան» հիմնադրամի և «Մայքրոսոֆթ»-ի միջև համագործակցությանն առնչվող հարցեր:
Այս մասին հայտնում են ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
Կարեն Կարապետյանը կարևորել է Հայաստանի թվային օրակարգի իրականացումն ու այդ գործում «Մայքրոսոֆթ»-ի հետ համատեղ գործակցությունը:
Իր հերթին Ռոնալդ Բինկոֆսկին ներկայացրել է պետական կառավարման և տեղական ինքնակառավարման ոլորտներում թվային համակարգի զարգացման, էլեկտրոնային եղանակով մատուցվող ծառայությունների ավելացման, պետական կառավարման էլեկտրոնային ինտեգրված համակարգի մշակման ուղղությամբ տարբեր առաջարկություններ: