Քաղաքացին չպետք է կրի անտաղանդ կառավարման արդյունքում կոռումպացված կառավարության կողմից կուտակված պարտքերի բեռը. «Ելք»
ՀՀ ԱԺ ԵԼՔ խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանի, Արտակ Զեյնալյանի և Մանե թանդիլյանի կողմից շրջանառության մեջ է դրվել Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում և «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը: Վերջինով մասնավորապես առաջարկվում է նշված օրենսդրական ակտերում սկզբունքների մակարդակով ամրագրել, որ Հայաստնի Հանրապետությունում հարկերի, տուրքերի կամ այլ պարտադիր վճարների բարձրացման հետևանքով հարկատու ֆիզիկական անձի կողմից ստացվող մաքուր աշխատավարձի գումարը կամ աշխատավարձին հավասարեցված այլ հատուցումը, ինչպես նաև կենսաթոշակի գումարը՝ անկախ դրա տեսակից, չեն կարող նվազեցվել:
Նախագծի մշակման համար հիմք են հանդիսացել վերջին տարիներին երկրում տեղի ունեցող բացասական սոցիալ-տնտեսական գործընթացները, հատկապես՝ հարկերի բարձրացումը, Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման հիմնադրամի ծախսերի բեռի ավելացումը հարկատուների ուսերին, ամբողջությամբ կուտակային կենսաթոշակային համակարգի ներդնումը, գնաճի բարձր տեմպը, դեղերի և դեղագործական այլ արտադրանքի գների բարձրացման մոտակա հեռանկարը և այս ամենի տեղի ունենալը չբարձրացվող կամ չնչին չափով բարձրացվող նվազագույն աշխատավարձի և կենսաթոշակների ֆոնին։
Այսպիսով, քաղաքացու տնօրինվող եկամուտն ու նույն փողի գնողունակությունը վերջին տարիներին շարունակաբար նվազում են՝ նույնիսկ եթե պայմանականորեն անտեսենք ինֆլյացիայի մակարդակը Հանրապետությունում, այնինչ մինչև վերը թվարկված փաստերի առաջ գալը ևս Հայաստանում միջին աշխատավարձը և կենսաթոշակը մեղմ ասած բարձր չէին։
Մեր երկրում կատարված աշխատանքի դիմաց ոչ արդարացի վարձատրությունը համարվում է արտագաղթի հիմնական պատճառներից մեկը. հայտնի փաստ է, որ միջին եկամուտներ ունեցող հայաստանյան ընտանիքն իր ստացած եկամտի մեծ մասը ծախսում է սննդամթերքի, կոմունալ վճարների և այլ առաջնային կարիքների ուղղությամբ։ Բազմաթիվ ընտանիքներ, ունենալով օրինակ բնակտարածության խնդիր, տարիներ շարունակ չեն կարողանում լուծել այդ հարցը, նույնկերպ չեն կարող իրենց թույլ տալ մեկնել անգամ ամենահամեստ հանգստին և այլն։ Ավելորդ է խոսել այն ընտանիքների մասին, որտեղ կա քրոնիկ հիվանդ կամ հաշմանդամ կամ զառամյալ որևէ անդամ, ում դեղորայքային և բուժման ծախսերը նույնպես գումարվում են այդ ամբողջ բեռին։
Նախագծով առաջարկվում է առնվազն ապահովել, որ քաղաքացիների կողմից ստացվող նոմինալ մաքուր աշխատավարձն ու կենսաթոշակը որևէ դեպքում չնվազեն. քաղաքացին չէ, որ պետք է կրի անտաղանդ կառավարման արդյունքում կոռումպացված կառավարության կողմից կուտակված պարտքերի ու այլ ծախսերի բեռը, քանի որ անգամ մինչ այդ քաղաքացու կողմից աշխատավարձի ստացումը՝ նրա կողմից վճարման ենթակա բոլոր հարկերն ու տուրքերը պահվում և ուղղվում են համապատասխան գանձապետական հաշիվ, իսկ այդ գումարների ճիշտ տնօրինումն արդեն պետական ապարատի խնդիրն է։