20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Դժոխքի դռները կործանվեցին Քրիստոսի կողմից

Արդարության Արեգակը (Մղք 3, 20), որ մայր էր մտել երեք օր առաջ, այսօր վերստին ծագում է և լուսավորում է ողջ արարչությունը. Քրիստոսը, որ գերեզմանում էր գտնվում երեք օրերի ընթացքում, և սակայն կենդանի է ի հավիտենից։ Աճում է խաղողի որթատունկի նման և ուրախությամբ է լցնում բնակեցված ողջ երկիրը։ Մեր աչքերը սևեռենք Արեգակի ծագման վրա, որն այլևս երբեք մայր չի մտնելու. կանխենք օրվանը և ուրախությամբ լցվենք նման լույսի համար։

Դժոխքի դռները կործանվեցին Քրիստոսի կողմից, ննջեցյալներն ուղղվում են կարծես քնից [արթնացած]։ Քրիստոսը՝ ննջեցյալների հարությունը, ոտքի է կանգնում և գալիս է Ադամին արթնացնելու։ Քրիստոսը՝ բոլոր ննջեցյալների հարությունը, ոտքի է կանգնում և գալիս է ազատելու Եվային անեծքից։ Քրիստոսը, որ [մեր] հարությունն է, ոտքի է կանգնում և Իր գեղեցկությանն է փոխակերպում այն, ինչը գեղեցկությունից ու կերպարանքից զուրկ էր (հմմտ. Ես 53, 2)։

Ննջող մարդու նման, Տերն արթնացել է և խափանել է թշնամու բոլոր հնարքները։ Հարություն է առել և ուրախություն է պարգևել ողջ արարչությանը. հարություն է առել և դժոխքի բանտը դատարկվել է. հարություն է առել և ապականացուն փոխակերպել է անապականի (1Կր 15, 53)։ Հարուցյալ Քրիստոսը հաստատել է Ադամին անապականության՝ իր սկզբնական արժանապատվության մեջ։

Քրիստոսի մեջ այսօր Եկեղեցին դառնում է մի նոր երկինք (հմմտ. Հյտ 21, 1), մի երկինք, որն ավելի գեղեցիկ է տեսնելու ու զմայլվելու համար, քան տեսանելի արևը։ Արևը, որ տեսնում ենք ամեն օր, համեմատելի չէ այս Արևի հետ. ծառայի նման, պատկառանքից բռնված, խավարեց Նրա առաջ, երբ Նրան տեսավ խաչին գամված (հմմտ. Մտթ 27, 45)։ Այս Արևի մասին է Մարգարեն ասել. « Ձեր՝ իմ անունից երկյուղ կրողներիդ համար ծագելու է արդարության Արեգակը » (Մղք 4, 2)։

Նրա՝ Քրիստոսի՝ արդարության Արեգակի մեջ, Եկեղեցին դառնում է բազմաթիվ աստղերով փայլող երկինք. աստղեր, որ ծնվել են Մկրտության ավազանում, մի նոր լույսի մեջ։ « Սա՛ է այն օրը, որ Տերն է ստեղծել. եկե՛ք ցնծանք և ուրախանանք այսօր » (Սղմ 117, 24), լի աստվածային բերկրանքով։ 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ