25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

ՀՊՏՀ ուսանողները մոմավառություն էին կազմակերպել քառօրյա պատերազմի զոհերի հիշատակին

Ապրիլի 1-ի ուշ երեկոյան Թաթուլ Կրպեյանի անվան այգում Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհուրդը Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հետ համատեղ կազմակերպել էր մոմավառություն՝ ի հիշատակ 2016թ. ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերի։ Հարյուրավոր երիտասարդներ աղոթք հնչեցրին, կատարեցին ՀՀ օրհներգը, ծաղիկներ խոնարհեցին տղաների հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որը 2016 թվականին տեղադրվել է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողական խորհրդի կողմից։

Միջոցառմանը ներկա էր ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Ըստ պաշտպանության նախարարի՝ ապրիլյան պատերազմի հիմնական դասն այն է, որ մենք պետք է ամրանանք որպես ազգ-բանակ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի գիտի իր տեղը երկրի պաշտպանության գործում և երկրի պաշտպանությունն ընկալում է որպես կենսակերպ, ոչ թե որպես պարտավորություն կամ ժամանակավոր մի խնդիր։ «Միևնույն ժամանակ մենք պետք է սովորենք անել այնպես, որ այդ կենսակերպը չխանգարի խաղաղ զարգանալ, առաջընթաց ապրել և համադրել այդ երկու կարողությունը՝ առաջ գնալու և պատրաստ լինելու հետ մղել մեր առջև ծառացած ցանկացած մարտահրավեր»,- ասաց Վիգեն Սարգսյանը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող, ՀՀ ԱԺ պատգամավոր Կարեն Ավագյանն ընդգծեց, որ մեր երիտասարդները մշտապես հիշում են Արցախյան ազատամարտի, ապրիլյան քառօրյա պատերազմի զոհերին, ոգեկոչում նրանց հիշատակը։ «Մենք չէինք կարող այսօր այստեղ չլինել։ Երկու տարի առաջ՝ այս ժամերին, սկսվեց ապրիլյան պատերազմը։ 18-20 տարեկան տղաներն ու նրանց հրամանատարներն էին կանգնած հակառակորդի առջև։ Տղաներ, որ պատերազմ չէին տեսել, բայց կռվում էին` ինչպես ամենահմուտ ռազմիկները, կյանք էին տալիս հայոց սահմանների, հայրենի հողի, մեզանից յուրաքանչյուրի համար։ Այսօր երիտասարդների ներկայությունն այստեղ խոսում է այն մասին, որ նրանք պահանջատեր են, կրում են այն ոգին, այն ուժը, որ ունեին մեր նահատակված տղաները, ում շնորհիվ պահպանվել է խաղաղությունը։ Երիտասարդների մասնակցությունը նման միջոցառումներին շատ կարևոր է, քանի որ դրանք ուսուցողական են և դաստիարակչական»,- ասաց Կարեն Ավագյանը։ 

Տնտեսագիտական համալսարանի ռեկտոր Կորյուն Աթոյանը նշեց, որ բուհի ուսանողությունը կապված է բանակի հետ։ Մշտապես այցելություններ են իրականացվում զորամասեր, ոգևորում են զինվորներին։ Ուսանողներն էլ նման միջոցառումների շնորհիվ հոգեպես պատրաստվում են, որ հետագայում իրենց ծառայությունն իրականացնեն հայոց բանակում։

Տեսաշարը մոմավառությունից կարող եք դիտել հետևյալ հղմամբ https://www.youtube.com/watch?v=z0JOIW477PI

unnamed

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ