Տատիկից է առաջին անգամ լսել Հայոց ցեղասպանության մասին /վիդեո/
՛՛Սիվիլիթաս՛՛ հիմնադրամն այսօր կազմակերպել էր հանդիպում Հրանտ Դինքի ընտանիքի փաստաբան, մարդու իրավունքների պաշտպանության ակտիվիստ, գրող Ֆեթիե Չեթինի եւ դերասանուհի Արսինե Խանջյանի հետ:
Նախ, իրավաբան Չեթինն սկսեց պատմել իր պատմությունը: Նա հիշեց, որ մինչեւ իր տատիկն իրեն չպատմեց, թե ինչ են արել թուրքերը 1915թ-ին, ինքը ոչինչ չգիտեր այդ մասին: Իրեն դպրոցում ամբողջովին այլ պատմություն էին ուսուցանել: ՛՛Ապա ես ընդունվեցի իրավաբանական ֆակուլտետ, ծանոթացա Հրանտ Դինքի հետ: Սակայն հետո մեր աչքերի առջեւ սպանեցին Հրանտին, եւ այդ ամենը կոտրվեց: Իմ տատիկը մեծ բեռ թողեց իմ ուսերին, բայց ես նույնը չեմ ցանկանում այս սերունդին՛՛,-ասաց Չեթինը, ով հասուն տարիքում` տատից է իմացել որ հայ է: Վերջինս ամոթ է զգում թուրքերի արածների համար:
Դերասանուհի Խանջյանը պատմեց, որ ինքը բավական ժամանակ չէր կարողանում հասկանալ, թե ինչու թուրքերը չեն խոսում իրենց արածի մասին: ՛՛Ուղղակի մի օր հասկացա, որ թուրքերին ծնվելու իսկ պահից այլ պատմություն են ուսուցանում, նրանց պատմում են, թե ինչ ճակատամարտերում են նրանք հաղթել՛՛,-հավելեց Արսինե Խանջյանը: Վերջինս իրավաբանին հարցրեց, թե արդյո՞ք նա չի մտածել, թե ինչու Հրանուշ տատիկը միայն 70 տարեկանում է Չեթինին պատմել իր պատմությունը:
Դինքի իրավաբանը նշեց, որ ինքն էլ է այդ ուղղությամբ շատ մտածել, իր համար էլ անհասկանալի էր, թե ինչու նա սպասեց 70 տարի, ինչու նա չէր պատմում այդ մասին իր ընտանիքում: ՛՛Վախը չէր պատճառը, այլ ամոթն էր: Իհարկե, իրենք չեն սպանել, սակայն իրենք այդ թալանի ժամանակ գնացել են, իրենք էլ են վերցրել: Իրենց սերունդին չէին կարող պատմել, իրենց թոռներին սկսեցին պատմել: Իմ տատիկի նման շատերը մահից մի քանի րոպե առաջ պատմեցին՛՛,-պատասխանեց Ֆեթիե Չեթինը::
Արսինեն զարմանքով հարցրեց, թե ինչպես է Չեթինը կարողանում ապրել Թուրքիայում. չէ՞ որ նրան կարող են չհավատալ, բռնության ենթարկել: Ի պատասխան՝ Դինքի իրավաբանն ասաց, որ ինքը վստահ է, որ չեն սիրում, բայց քանի որ ինքն իր տատիկի պատմությունն է պատմում, իրեն չէին կարող հերքել: Բացի դա նա պայքարում է, քանի որ գիտի, որ ինքը ճիշտ է:
Տիկին Չեթինը համոզված է, որ այս հարցը առաջընթաց է ունենալու եւ,, ի վերջո իրենք հասնելու են իրենց նպատակին:
Արսինե Խանջյանը, եզրափակելով՝ նշեց, որ Թուրքիայի խնդիրը ոչ միայն Հայոց Ցեղասպանությունը չճանաչելն է, այլեւ ժողովրդավարությունը, որը այնտեղ չկա: