Կարեն Կարապետյանը հերթական խորհրդակցությունն է անցկացրել Գեղարքունիքի մարզում
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր այցելել է Սևան քաղաք` ծանոթանալու 2017 թ. Գեղարքունիքի մարզի և համայնքների զարգացման ծրագրերի շրջանակում ըստ ոլորտների իրականացված միջոցառումների արդյունքներին ու 2018 թ. անելիքներին:
Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների պլանային թվի տարեսկզբի և տարեվերջի համեմատության արդյունքում արձանագրվել է 10.6 տոկոս աճ: 2017 թ. փաստացի կատարողականը կազմել է 1 մլրդ 519 մլն 744 հազ. դրամ (101,7 տոկոս)՝ 2016 թ. 97,4 տոկոսի փոխարեն:
Մարզպետարանի ֆինանսական ոլորտի պատասխանատուն ներկայացրել է սեփական եկամուտների ցուցանիշների մասով մյուս մարզերի հետ համեմատական վերլուծությունը: Վարչապետ Կարեն Կարապետյանը նշել է, որ հաշվի առնելով մարզում առկա ռեսուրսները և ներուժը՝ սեփական եկամուտների պլանավորման և կատարողականի ցուցանիշները հանրապետության մասշտաբով ամենաբարձրերից պետք է լինեն: «Մենք ձեզ հետ պետք է հասկանանք, որ ժամանակակից, զարգացող երկրում քաղաքացիներն ունեն պարտավորություններ: Աշխարհում չկա երկիր, որտեղ աղբահանության համար փող չեն վճարում, չկա երկիր, որտեղ գույքահարկ, հողի հարկ չենք վճարում: Վերանայում եք ձեր բյուջեն, հստակ ձևակերպում եք, բոլոր բարձրացված հարցադրումներով անցնում եք և առանձին-առանձին լուծումներ մշակում: Սուբվենցիայի նոր կանոնը, որը ձևակերպել ենք և սկսել ենք՝ ֆոնդային բյուջետավորումը, մի պարզ սկզբունք ունի. սահմանամերձ գյուղերն առանձին բանաձև է, իսկ բոլոր համայնքների կողքը կանգնելու ենք, եթե ծանրաբեռնվածություն վերցնեն: Ծանրաբեռնվածություն վերցնելը, իհարկե, հարաբերական է. որպեսզի հասկանանք՝ իր ներուժի չափով ճի՞շտ ծանրաբեռնվածություն է վերցնում, թե՞ ոչ, այդ պոտենցիալը պետք է հստակ հաշվարկենք», – ասել է Կարեն Կարապետյանը:
Կարեն Բոթոյանը նշել է, որ Գեղարքունիքի մարզում վերականգնվող էներգետիկայի ոլորտի զարգացման մեծ ներուժ կա, և այն իրացնելու նպատակով նախաձեռնվում են մի շարք ներդրումային ծրագրեր: Մասնավորապես, Մեծ Մասրիկ համայնքում նախատեսվում է 97 հա հողատարածքի վրա իրականացնել «Արևային ֆոտովոլտային կայանների կառուցում» ներդրումային ծրագիրը: Անհատական տներում և արտադրական շենքերում տեղադրվում են այլընտրանքային էներգիա արտադրող սարքեր: Մարզպետի խոսքով՝ վերականգնվող էներգետիկայի զարգացման մյուս ուղղությունը հողմակայանների կառուցումն է, որի համար առավել հեռանկարային է համարվում մարզի հյուսիսային հատվածը: Պայմանավորվածություն կա իսպանական «Ակցիոնա Էներգիա Գլոբալ» ընկերության հետ Վարսեր համայնքում քամու չափիչ կայաններ տեղադրելու մասին, և բավարար տվյալների դեպքում 2018 թ. կմեկնարկի 150 Մվտ հզորությամբ հողմաէլեկտրակայանների կառուցումը՝ 40 մլն ԱՄՆ դոլար ներդրումային ծավալով: Հողմակայանների ոլորտում ներդրումային հետաքրքրություն ցուցաբերող մյուս ընկերությունն ԱՄԷ «Աքսես Ինֆրա Սենթրալ Էյժա Լիմիթեդ»-ն է, որը նախատեսում է մարզի Ծաղկունք, Գեղամավան, Սեմյոնովկա, Դդմաշեն և Ծովագյուղ համայնքներում 638 հա-ի վրա կառուցել հողմաէլեկտրակայաններ՝ 132.5 Մվտ հզորությամբ: Ներդրումների ծավալը 90 մլրդ դրամ է, ստեղծվելու է 350 աշխատատեղ:
Զեկուցվել է, որ հաշվետու տարում մարզում կապիտալ շինարարության ոլորտում իրականացվել է 13 մլրդ 300 մլն դրամի ներդրում. կառուցվել են ճանապարհներ, շարունակվել է Սևանի բժշկական կենտրոնի շինարարությունը, իրականացվել են ջրամատակարարման համակարգերի վերակառուցման աշխատանքներ, դպրոցների և մշակութային օբյեկտների, մանկապարտեզների հիմնանորոգում, երկու համայնքում կառուցվել են գազատարեր, մեկնարկել են Գավառ քաղաքի N2 հիմնական դպրոցի շինարարական աշխատանքները և այլն:
Աղբահանության ցուցանիշների մասով զեկուցվել է, որ 2017 թ. տնտեսվարող սուբյեկտների հետ կնքվել է 1725 պայմանագիր, մարզում գրանցված է 2168 իրավաբանական անձ: Կանխատեսվում է, որ 2018 թ. աղբահանության վարձավճարներից հավաքագրվող գումարների աճը 2017 թ. նկատմամբ կավելանա 2.4 անգամ: Վարչապետը շեշտել է, որ աղբահանության սակագինը պետք է համապատասխանի միջին հանրապետական ցուցանիշներին՝ հանձնարարելով վերանայել պլանավորումը: Կառավարության ղեկավարը նաև կարևորել է աղբահանության պատշաճ կազմակերպումը և հատկապես Սևանա լճի հարակից տարածքի մաքրության ապահովումը՝ հաշվի առնելով զբոսաշրջային գրավչության հանգամանքը: «Չափազանց կարևոր է, որ քաղաքացին հասկանա, որ եթե վճարում է աղբահանության համար, ուրեմն իր կյանքում և կենցաղում բան է փոխվում: Մենք բոլոր մարզերում պայմանավորվել ենք և խնդիր ենք դրել, որ այն գյուղական համայնքները, որոնք տրանզիտային չեն, ծանր մեքենաներ չեն անցնում, մի քանի խնդիր պետք է կարգավորեն՝ պետք է բարեկարգվեն գյուղի ներքին ճանապարհները՝ ոչ ստանդարտ լուծումներ գտնելով, ծուռումուռ ցանկապատերը պետք է ուղղվեն, ներկվեն, պետք է ապահովվի կենտրոնական փողոցների լուսավորությունը և դրվեն աղբամաններ: Այդ քայլն անելու համար շատ գումարներ պետք չեն: Պետք է մտածել, թե ինչպես տեղի ռեսուրսն օգտագործել այդ ամենը հաջողելու գործում»:
Անդրադառնալով 2017 թ. ներդրումային ծրագրերին՝ Գեղարքունիքի մարզպետը նշել է, որ մասնավոր ներդրումների ծավալը 7 մլրդ 814 մլն դրամ է, ստեղծված աշխատատեղերի թիվը՝ 440: 2018 թ. մասնավոր հատվածի կողմից նախատեսվում է իրականացնել 32 մլրդ 818 մլն դրամի ներդրում, կստեղծվի 687 աշխատատեղ՝ հիմնականում հանքարդյունաբերության, զբոսաշրջության, էներգետիկայի, թեթև արդյունաբերության ոլորտներում:
Մարզպետարանի գյուղատնտեսության ոլորտի պատասխանատուի խոսքով՝ Գեղարքունիքի մարզի համախառն գյուղատնտեսական արտադրանքի ծավալը կազմել է շուրջ 123.8 մլրդ դրամ, որից մեկ շնչին բաժին է հասնում շուրջ 536 հազ. 600 դրամ։ Շողակաթ համայքում 2017-2018 թթ. տնկվել է կաթիլային եղանակով ոռոգվող շուրջ 50 հա պտղատու այգի: Ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում 2017 թ. 15 շահառու ձեռք է բերել 56 գյուղտեխնիկա, 2018 թ. նախատեսվում է այդ թիվը հասցնել 74-ի: Նշվել է, որ 2018 թ. կանխատեսվում է 20 տոկոս աճ ոլորտում: Վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է աճի ավելի բարձր նշաձող դնել՝ հաշվի առնելով առկա պոտենցիալը և հնարավորությունները:
Զեկուցվել է, որ 2017 թ. առողջապահության վճարովի ծառայություններից և այլ մուտքերը կազմել են 225 մլն 900 հազ. դրամ (գլոբալ բյուջեի 8.2 տոկոսը)՝ 2016 թ. 202,1 մլն դրամի դիմաց: 2018 թ. վճարովի ծառայությունների և այլ մուտքերի թիվը նախատեսվում է հասցնել 316 մլն 300 հազ. դրամի, որը կկազմի գլոբալ բյուջեի 12.1 տոկոսը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է աշխատել առողջապահության վճարովի ծառայություններից ստացվող մուտքերն ավելացնելու ուղղությամբ: Անդրադառնալով այն հարցադրմանը, որ մարզի բժշկական կենտրոններում բուժսարքավորումների արդիականացման խնդիր կա՝ վարչապետ Կարեն Կարապետյանն առաջարկել է դիտարկել բուժհաստատությունների կառավարման գործում մասնավոր կառավարիչների ներգրավման հնարավորությունները, ինչը կնպաստի բուժհաստատությունների տեխնիկական վերազինմանը և ծառայությունների որակի բարելավմանը: Կառավարության ղեկավարը հանձնարարել է այլ մարզային բուժհաստատությունների հետ փորձով փոխանակվել և սեփական կարիքների գնահատման հիման վրա ձևակերպել մասնավոր ներդրողից ակնկալիքները և առաջարկվող ծրագրերը: Դա կնպաստի մարզում առողջապահական բիզնեսի զարգացմանը և մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:
Կրթության ոլորտում տարվող աշխատանքների մասով մարզպետարանի պատասխանատուն, ի թիվս մի շարք այլ աշխատանքների, տեղեկատվություն է ներկայացրել, մասնավորապես, սպորտով զբաղվելու համար պայմանների ստեղծման, օտար լեզուների դասավանդման, տարբեր խմբակներում աշակերտների զբաղվածության վերաբերյալ: Վարչապետ Կարեն Կարապետյանը, կարևորելով երեխաների զբաղվածության համար անհրաժեշտ բոլոր պայմանների ապահովումը, հանձնարարել է ձևակերպել ծրագիր և սահմանել հստակ ժամանակացույց՝ հեռանկարում ունենալով մինչև տարեվերջ առկա բացերի լրացման և դաշտի լիարժեք փակման անհրաժեշտությունը:
Նշվել է, որ մարզի զարգացման գերակա ուղղություններից է զբոսաշրջությունը. հաշվետու տարում զբոսաշրջիկների թիվը հասել է 83 հազարի, ստեղծվել է սեզոնային 520 աշխատատեղ: 2018 թ. ոլորտում նախատեսվում է իրականացնել 3 մլրդ 24 մլն դրամի ներդրում, կստեղծվի 117 աշխատատեղ: Կալավան համայնքում, որտեղ զբոսաշրջային լուրջ և արդյունավետ ծրագիր է իրականացվում, ստեղծվել է 7 հյուրատուն՝ վարկավորման միջոցով, 2017 թ. այցելուների թիվը կազմել է 1800: Այս տարի ակնկալվում է 5000-ից ավելի զբոսաշրջիկի այցելություն:
Խորհրդակցության ընթացքում վարչապետ Կարապետյանը նաև Գեղարքունիքի մարզի համայնքապետերի հետ քննարկել է համայնքային զարգացման ծրագրերը, ընթացիկ աշխատանքները, առկա խնդիրները և անելիքները: Ծրագրերի իրականացումը հաջողելու գործում կառավարության ղեկավարն առաջարկել է բանակցել ներդրողների հետ և աշխատել նրանց այդ գործում ներգրավելու ուղղությամբ:
Կառավարության ղեկավարն անդրադարձել է նաև Սևան ազգային պարկի բարեփոխումների ծրագրին: Այս համատեքստում քննարկվել են Սևան ազգային պարկի և հարակից համայնքների միջև համագործակցությանը, վարձակալության պայմաններին վերաբերող հարցեր: