Բարեգործությունը Հայաստանում վարկաբեկվել է. Առավոտ
“Առավոտի” խմբագրականն անդրադառնում է բարեգործությանն ու սոցիալական բիզնեսին:
“Հիշո՞ւմ եք, ժամանակին ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը միկրոավտոբուսներով թոշակառուներին տանում էր Սեւան, այնտեղ խորոված հյուրասիրում, իսկ հետո ԱԼՄ-ի լուրերով մոտավորապես 10-15 րոպեանոց սյուժեներ էին հեռարձակվում, որոնց ժամանակ թոշակառուները երախտիքի խոսքեր էին ասում բարեգործի հասցեին։ Դա հայկական բարեգործության դասական մոդել է՝ քաղաքական գործիչը կամ պատգամավորը, որն ունի անհրաժեշտ գումարներ, բարեգործություն է անում՝ իր համար գրական PR ապահովելով եւ նկատի ունենալով, որ այդ բարեգործությունը պետք կգա իր հետագա քաղաքական ծրագրերում։
Կոնկրետ այս պարագայում գումարները իզուր էին ծախսված, որովհետեւ բացի բարեգործություններ անելուց եւ “ժողովրդի մասին մտածողի” իմիջ ձեռք բերելուց, քաղաքական հավակնություններ ունեցողը ընտրությունների ժամանակ պետք է փող բաժանի, լուծի մարդկանց սոցիալական խնդիրները։
Այս մոդելի պատճառով “բարեգործություն” բառը Հայաստանում զգալիորեն վարկաբեկվել է, եւ բարեգործության “շահառուների” հրապարակային “շնորհակալություններն” էլ հնչում են չափազանց կեղծ եւ բռնազբոսիկ։ Դրա համար էլ, երբ դերասան Հայկ Մարությանը, որն, ինչպես հայտնի է, քաղաքական հավակնություններ չունի, սրտանց ցանկացավ օգնել “հացի խնդիր” ունեցող մարդկանց՝ կազմակերպելով շրջիկ ճաշարան, դա նույնպես քաղաքացիներից ոմանց մոտ կասկածներ առաջացրեց եւ նույնիսկ “նախագիծ” անվանվեց”:
Շարունակությունը թերթի այսօրվա համարում: