Նախագահին հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության նորանշանակ դեսպանը
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Կորեայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ու Յուն Գընը (նստավայրը՝ Մոսկվա):
Շնորհավորելով դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ՝ Հանրապետության Նախագահը նրան մաղթել է հաջողություն և հույս հայտնել, որ իր ակտիվ գործունեությամբ Ու Յուն Գընը նոր լիցք կհաղորդի հայ-կորեական հարաբերություններին: Նախագահը վստահեցրել է, որ Հայաստանի պետական բոլոր մարմինները պատրաստ են աջակցելու նորանշանակ դեսպանին իր շնորհակալ գործում:
Հանդիպման սկզբում Նախագահը նաև շնորհավորել է Կորեայի Հանրապետությանը՝ Փհենչհանում 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի հաջող անցկացման կապակցությամբ՝ ուրախալի համարելով, որ դրանք նպաստել են Կորեական թերակղզում այդ խաղերի ոգուն բնորոշ համերաշխության մթնոլորտի ձևավորմանը, ինչը, Նախագահի համոզմամբ, կարևոր է ոչ միայն Կորեայի, այլև ամբողջ աշխարհի համար:
Ընդգծելով, որ անցած տարի Հայաստանն ու Հարավային Կորեան նշեցին դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը, Սերժ Սարգսյանը նշել է, որ այդ տարիների ընթացքում երկկողմ հարաբերություններում արձանագրված ձեռքբերումները դեռևս լիարժեքորեն չեն արտացոլում երկու երկրների միջև առկա համագործակցության մեծ ներուժը:
Միջպետական երկխոսությունը և տարբեր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու տեսանկյունից Հանրապետության Նախագահը կարևորել է բարձր մակարդակի ակտիվ փոխայցելությունները, միջխորհրդարանական կապերի սերտացումը, միջազգային կազմակերպություններում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ փոխգործակցությունն ավելի խորացնելու ուղղությամբ քայլերը:
Կորեայի դեսպանը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սարգսյանին ընդունելության ու շնորհավորական խոսքերի համար և փոխանցել իր երկրի նախագահի ջերմ ողջույններն ու բարեմաղթանքները: Ու Յուն Գընը վստահեցրել է, որ ջանք չի խնայի նպաստելու հայ-կորեական հարաբերությունների ամրապնդմանը, երկու ժողովուրդների փոխճանաչելիության մեծացմանը, գործարար համայնքների, օրենսդիր մարմինների միջև ակտիվ շփումների հաստատմանը, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում համագործակցության խորացմանը:
Դեսպանը շնորհակալություն է հայտնել նաև Կորեայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատելու որոշման համար՝ նշելով, որ դա ևս զգալիորեն կխթանի երկկողմ կապերի աշխուժացումը: