Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել. Արամ Սարգսյան
Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավոր Արամ Սարգսյանը «Ելք» դաշինքում չի տեսնում որևէ արտառոց խնդիր, որին կարելի է անդրադառնալ: Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում Արամ Սարգսյանը խուսափեց հստակ պատասխան տալ «Ելք» դաշինքի հնարավոր պառակտման վերաբերյալ հարցին: «Ես չեմ տեսնում, որ որևէ արտառոց բան է եղել, որը մեկնաբանելու կարիք ունի: Չեմ տեսնում որևէ խնդիր, որին պետք է անդրադառնալ»,- ասաց Սարգսյանը:
Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը «Ելք» դաշինքի անդամ մյուս քաղաքական ուժերի` «Լուսավոր Հայաստան» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունների քննարկմանն էր ներկայացրել ՀՀ ապագա կառավարության կազմի ձևավորման դեմ պայքարի ճանապարհային քարտեզ, որի վերաբերյալ դաշինքում երկար ժամանակ քննարկումներ էին ընթանում: «Ելք»-ում ընթացող քննարկումներին զուգահեռ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, դաշինքից անկախ, Երևանի քաղաքապետարանին իրազեկել էր ապրիլի 1-ին և 3-ին Ազատության հրապարակում հանրահավաք անցկացնելու մասին: Մարտի 19-ին «Ելք» խմբակցության նիստից հետո խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ դաշինքում իրենց ներկայացրած ճանապարհային քարտեզի վերաբերյալ կոնսենսուս չի կայացել, և որոշել են, որ քաղաքական ուժերը կարող են առանձին որոշումներ կայացնել: