Բարձրաստիճան ոստիկանը խոշտանգե՞լ է 19 ամյա տղային .մանրամասներ/տեսանյութ/
Տավուշի մարզի Բերդ քաղաքի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետի կողմից «Ընդդեմ իրավական կամայականության» հկ-ի շահառու Ժ. Ս.-ին խոշտանգման ենթարկելու վերաբերյալ գործով դատաքննությունը:
«Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ փաստաբան Արա Ղարագյոզյանը Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբաստանյալի պաշտպանը դատարան էր բերել ամբաստանյալի կոշիկները` փորձաքննության ենթարկելու համար:
Տուժողի պաշտպանը առարկել է, քանի որ 4 ամիս է անցել դեպքից:
Ղարագյոզյանը ընդգծում է` նախադեպային է բարձրաստիճան ոստիկանին մեղադրանքի առաջադրումը: Նա նշում է, որ խոշտանգվածը հոգեբանորեն ծանր վիճակում է և արդարադատություն է ակնկալում:
Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի ծառայողները 2017 թվականի հոկտեմբերի 4-ին Տավուշի մարզի Այգեհովիտ գյուղի բնակիչ Վ․ Ս․-ին ապօրինի ծառահատում կատարելու կասկածանքով բերման են ենթարկել ոստիկանության Իջևանի բաժին: Ոստիկանության աշխատակիցների պահանջով Վ. Ս․-ի եղբայրը՝ Ժ․ Ս․-ը, ՀՀ ոստիկանության Իջևանի բաժին է տեղափոխել եղբոր վարած ավտոմեքենան, որից հետո ոստիկանները նրան ուղեկցել են Իջևանի բաժնի աշխատասենյակներից մեկը:
Այնուհետև աշխատասենյակ է մտել հիշյալ բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, և ենթադրելով, որ Ժ․ Ս․-ը նույնպես մասնակցել է ապօրինի ծառահատմանը, եղբոր հետ գտնվել է նույն ավտոմեքենայում ու չի ենթարկվել ավտոմեքենան կանգնեցնելու` ոստիկանների պահանջին, այդ արարքի համար պատժելու նպատակով խոշտանգել է վերջինիս. ապտակել է դեմքին, ոտքերով հարվածել որովայնին և ոտքերին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ:
Գերասիմ Մարդանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1 հոդվածի՝ Խոշտանգումը, 1-ին մասով:
Մանրամասները` տեսանյութում: