Արմեն Սարգսյանից ակնկալիքները մեծ են. Թաթուլ Մանասերյան/տեսանյութ/
«Պետք է բարձր գնահատել երկրի նախագահի ընտրությունը, որովհետև հրավիրվել է մի մարդ, որը լուրջ կենսագրություն ունի: Ունի կապեր աշխարհում, որ կներդնի երկրի զարգացման համար»,-այսօր՝ մարտի 13-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ասաց ՀՀԿ-ական նախկին պատգամավոր,ԱԺ նախագահի խորհրդական Մկրտիչ Մինասյանը:
Մինասյանի խոսքով՝ ընտրության արդյունքները սպասելի էին և այս բարձր տոկոսով ընտրությունը դառնալու է չափորոշիչ երկրի նախագահի համար:
«Այս դեպքում երկրի չորրորդ նախագահը այն մարդկանցից է ում համար շնորքը, տաղանդը, մտավորականի կեցվածքը դարձել է կենսակերպ»,-ընդգծեց Մկրտիչ Մինասյանը:
Ասուլիսի մյուս բանախոսը՝ տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը նշեց՝ նոր ընտրված նախագահի ունեցած լիազորությունները քիչ չեն:
« Չավարտված պատերազմի պայմաններում կարևորում եմ և նախագահի և վարչապետի դերը:Նախագահի պարագայում սա այն դեպքն է, որ անձը իրենով արժեվորելու է այն պոստը, որը տրվել է ավելի քիչ լիազորություններով, որը սակայն շատ արժեքավոր է: Արմեն Սարգսյանը այն հեղինակությունն է, որը անձը ի սպաս է դնելու երկրում: Արմեն Սարգսյանից ակնկալիքները այս առումով ռեալ են»,-նշեց Թաթուլ Մանասերյանը:
Մանասերյանը հերքում է այն տեսակետը, թե Արմեն Սարգսյանը անգլիական թագուհու կարգավիճակում է. «Դա բացառվում է, քանի որ անձը չի բավարարվելու իրեն տրված լիազորություններով»: