Կարեն Կարապետյանը ոչ թե սխալներ է թույլ տվել, այլ շատ լավ աշխատել է. ՀՀԿ պատգամավոր
«Վարչապետ Կարեն Կարապետյանը ոչ թե սխալներ է թույլ տվել, այլ շատ լավ աշխատել է, բայց այս ժամանակվա վարչապետի գործառույթներով»,-հարցին, թե ինչ սխալ է արել գործող վարչապետ Կարեն Կարապետյանը, որ ՀՀԿ-ն նրան չի դիտարկում որպես հաջորդ վարչապետ՝ ապրիլից հետո եկող, ասաց ՀՀԿ-ական պատգամավոր Գալուստ Սահակյանը:
Ըստ նրա՝ ապագա վարչապետը երկրի վարչապետ լինելուց բացի նաև քաղաքական գործընթացները պետք է կարգավորի: «Կարծում եմ՝ Կարեն Կարապետյանը որոշակիորեն նորմալ, մեր հասարակությանն անհրաժեշտ պաշտոն կարող է ունենալ, նա շատ լավ աշխատող է»:
Գալուստ Սահակյանը նաև հավելեց, որ վարչապետի թեկնածուի՝ պատերազմի մասնակից լինելը դիտվում է առավելություն, սակայն դա միակ հատկությունը չէ, ըստ որի՝ ՀՀԿ-ն նրան պետք թեկնածու ընտրի:
Ինչ վերաբերում է ՀՀԿ խմբակցության անդամ, գեներալ Մանվել Գրիգորյանի հայտարարությանը, թե Կարեն Կարապետյանն, ի տարբերություն Սերժ Սարգսյանի, չի կարող ներկայացնել արցախյան խնդիրը, ուստի վարչապետ պետք է լինի հենց Սերժ Սարգսյանը, Գ. Սահակյանն ասաց. «Եթե ձեր աչքերով մի անգամ պատերազմ տեսած լինեիք, կհասկանայիք, թե Մանվել Գրիգորյան ինչից է խոսում, ինչի հետևանքով է այդպես խոսում: Վերջին հաշվով պատերազմական ճանապարհով կարողացել ենք մեր անկախությունը մեր ձեռքերի մեջ պահել, այդ մարդկանցից մեկը հենց Մանվել Գրիգորյանն է»: