Արա Բաբլոյանն ընդունել է Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակությանը
ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը մարտի 7-ին ընդունել է Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի գլխավորած պատվիրակությանը:
Ողջունելով պատվիրակության այցը Հայաստան՝ ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է հայ-ֆրանսիական միջպետական հարաբերություններին, գոհունակությամբ ընդգծել քաղաքական երկխոսության բարձր մակարդակը բարեկամ երկրների միջեւ:
Շնորհավորելով Ժորժ Քեփենեկյանին Լիոնի քաղաքապետ ընտրվելու կապակցությամբ՝ խորհրդարանի ղեկավարը մաղթել է նրան նորանոր հաջողություններ՝ ի բարօրություն լիոնցիների եւ ի նպաստ հայ-ֆրանսիական բարեկամության:
Արա Բաբլոյանը կարեւորել է հոկտեմբերին Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացումը Հայաստանում՝ համարելով այն լրացուցիչ հարթակ հայ-ֆրանսիական հարաբերություններն առավել խորացնելու գործում:
ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է Հայաստանի եւ Ֆրանսիայի խորհրդարաններում գործող բարեկամական խմբերի գործունեությանը եւ վստահություն հայտնել, որ տասնամյակներով ձեւավորված բարի ավանդույթները կշարունակվեն:
Խոսելով Լիոնի քաղաքապետի գլխավորած պատվիրակության այցի մասին՝ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ բազմանդամ պատվիրակության այցի ընդգրկուն ծրագիրը հավաստում է, որ հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցությունը գտնվում է բարձր մակարդակի վրա: ՀՀ ԱԺ նախագահը հույս է հայտնել, որ այս այցը կնպաստի համագործակցության բազմաթիվ ոլորտներում նորանոր նախագծերի իրագործմանը:
Արա Բաբլոյանը բարձր է գնահատել նաեւ Լիոնի քաղաքապետ Ժորժ Քեփենեկյանի մարդկային եւ մասնագիտական բարձր որակները՝ որպես բժշիկ, Հայ դատի, Հայոց ցեղասպանության ճանաչման եւ հայ ժողովրդի իրավունքների համար պայքարի երկարամյա առաջամարտիկ:
Ժորժ Քեփենեկյանը շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար եւ ներկայացրել պատվիրակության անդամներին, ովքեր Լիոնի քաղաքապետարանում զբոսաշրջության, մշակույթի, կրթության եւ այլ ոլորտներ են համակարգում: Նրա խոսքով՝ պատվիրակության անդամների ընտրությունը պատահական չէ. հստակ ուրվագծվում են Լիոնի եւ Երեւանի միջեւ իրականացվելիք ծրագրերի ուղղությունները: Լիոնի քաղաքապետը նշել է, որ նոր էջ է սկսվում երկու քաղաքների բարեկամության եւ համագործակցության պատմության մեջ:
Անդրադառնալով Ֆրանկոֆոնիայի գագաթաժողովի անցկացմանը Երեւանում՝ Ժորժ Քեփենեկյանը փաստել է, որ այն բացառիկ հնարավորություն է Հայաստանի համար եւ պետք է ընդգրկի համագործակցության բազմաթիվ բնագավառներ՝ հնարավորություն տալով ֆրանսիացի գործարարներին արժանավայել ներկայանալու Հայաստանում: Լիոնի քաղաքապետի խոսքով՝ ֆրանկոֆոնիան արժեհամակարգ է, քաղաքականություն, ինչպես նաեւ համագործակցություն՝ առանց սահմանների:
Հանդիպման ավարտին զրուցակիցները մտքեր են փոխանակել կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տնտեսության եւ այլ բնագավառներում իրականացվելիք ծրագրերի շուրջ: