16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Մոսկվայի ռազմական շանտաժը՝ սթափության ուղերձ Հայաստանին. Ժամանակ

Միջազգային հանրությունը շարունակում է բավական աշխուժորեն քննարկել ՌԴ նախագահ Պուտինի ուղերձը, մասնավորապես դրա ռազմատենչ բնույթը, թեեւ առ այս իսկապես դժվար է ի վերջո հասկանալ՝ այդ ամենը մուլտիպլիկացիոն բլեֆ էր, թե՞ Պուտինն իսկապես դիմել է ռազմական շանտաժի եւ վերստին արդիականացրել երրորդ համաշխարհային պատերազմի թեման: Իսկ այդ թեման Հայաստանի համար խիստ զգայուն է, մի շարք պատճառներից ելնելով, հատկապես նկատի ունենալով այն, որ ժամանակակից աշխարհում երրորդ համաշխարհայինն ունի պարզապես հիբրիդային դրսեւորում եւ ուժային կենտրոնները բախվում են ոչ թե անմիջականորեն միմյանց, այլ այսպես ասած որոշակի տարածքներում, միջնորդավորված: Այդ իմաստով երրորդ համաշխարհայինն արդեն իսկ տարիներ շարունակ ընթանում է թե Սիրիայում, թե ուկրաինական գոտում:

Հայաստանը կամ Հարավային Կովկասն այդ առումով ռիսկային գոտի է, եւ դժվար է ասել դժբախտաբար, թե բարեբախտաբար: Այսինքն, դժբախտաբար կա բախման ռի՞սկ, թե՞ բարեբախտաբար այն միայն ռիսկ է եւ դեռեւս չի վերածվել բախման: Ահա այդ տեսանկյունից էլ Պուտինի ելույթը եւ դրանում ռազմական շանտաժի շեշտադրումը Հայաստանի համար իսկապես զգայուն թեմա է, եւ ոչ միայն Արեւմուտք-Ռուսաստան հակադրության համատեքստում՝ որի սահմանին է Հայաստանն ու որի համար ռազմավարական անվտանգության խնդիր է որեւէ ճամբարում չհայտնվելը:

Բանն այն է, որ ի լրումն այդ ռիսկերի, կա մեկ այլ հարց: Ռազմական շանտաժը տարիներ շարունակ եղել է Ադրբեջանի արտաքին քաղաքականության, ղարաբաղյան քաղաքականության առանցքը կամ հիմքը: 2016 թվականի ապրիլին այն փլուզվեց, հայկական զինված ուժերի եւ հանրային կամավորության միասնական ջանքով: Դրանից հետո հարավկովկասյան անվտանգության համակարգի շուրջ բոլորովին նոր իրավիճակ է, որի ճարտարապետը հենց այդ միասնական ջանքն էր:

Այդ նոր իրավիճակը ժամանակավրեպ եւ միջազգայնորեն ոչ լեգիտիմ է դարձրել ռազմական շանտաժի ադրբեջանական քաղաքականությունը, ինչի եւս մեկ վկայություն էր այն, որ միջազգային բոլոր կենտրոնները բացասական արձագանքեցին Երեւանի մասին Ալիեւի հայտնի աղմկոտ հայտարարությանն ու փաստորեն ստիպեցին հետո Ադրբեջանի արտգործնախարարին հայտարարել, որ Բաքվի համար քաղաքական կարգավորումը չունի այլընտրանք:

Խնդիրը սակայն այն է, որ, եթե ուժային կարեւոր կենտրոններից մեկը, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներից մեկը, հարավկովկասյան անվտանգության համակարգի պատասխանատուներից եւ պարեկներից մեկը՝ Ռուսաստանը անցնում է ռազմական շանտաժի իրական քաղաքականության, եւ ոչ թե դիմում ընդամենը նախընտրական բլեֆի, ներքին սպառման համար, ապա դա կարող է հղի լինել ռազմական շանտաժի քաղաքականության այսպես ասած թրենդավորմամբ, որից կարող է օգտվել այդ քաղաքականության ռեգիոնալ միակ շահառուն՝ Ադրբեջանը:

Ահա այստեղ է Հայաստանի համար Պուտինի ուղերձի գլխավոր վտանգներից մեկը, գուցե ավելի, քան ընդհանրապես Ռուսաստան-Արեւմուտք դիմակայության առավել սրացումը: Վերջին հաշվով, այդ առումով Արեւմուտքը ըմբռնելով Հայաստանի գլոբալ խնդիրները, մեծ հաշվով չի առաջացրել Հայաստանի մասով այնպիսի ճնշում, որը կբերեր Ռուսաստանի կոշտ հակազդեցության կամ Երեւանին կստիպեր կատարել ծայրահեղ ընտրություն, ինչպես օրինակ Ուկրաինայում:

Եվ այդ իմաստով Արեւմուտք-Ռուսաստան դիմակայությունը լայն առումով ավելի շատ տեսական ռիսկեր է պարունակում բուն Հայաստանի համար, իսկ գործնական մարտահրավերները կարող են ձեւավորվել ռուսական քաղաքականության մեջ ռազմական շանտաժի բաղադրիչի թրենդավորման դեպքում, քանի որ այդ պարագայում Մոսկվան անկասկած կփորձի ձեւավորել նաեւ որոշակի «կոալիցիոն» կամ «դաշնակցային» շղթա: Իսկ այդտեղ Ադրբեջանը կանգնած կլինի ինչպես սվին: Հայաստանը պետք է աչալուրջ լինի հենց այդ ուղղությամբ, եթե Պուտինի ուղերձը մուլտֆիլմ կամ համակարգչային անիմացիա չէր միայն, այլ իրական քաղաքականություն: Երեւանը չպետք է թույլ տա ռեգիոնալ անվտանգության համատեքստում հետապրիլյան թրենդի փոփոխություն

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ