16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

«Հայ-վրացական ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների բարձր մակարդակը ամուր հենք են հետագա զարգացման համար». Երևանում կայացել են Կարեն Կարապետյանի և Գիորգի Կվիրիկաշվիլիի բանակցությունները

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր կառավարությունում ընդունել է պաշտոնական այցով Հայաստան ժամանած Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլիի գլխավորած պատվիրակությանը:

Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին առանձնազրույց են ունեցել, որի շրջանակում գոհունակություն են հայտնել Հայաստանի և Վրաստանի միջև բարեկամական համագործակցության մակարդակից և կարևորել առևտրատնտեսական կապերի զարգացումը: Առանձնազրույցին հաջորդել է երկու երկրների կառավարական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպումը:

Ողջունելով Վրաստանի վարչապետի գլխավորած պատվիրակությանը՝ վարչապետ Կարապետյանը նշել է. «Շատ ուրախ եմ և սիրով ողջունում եմ Ձեզ և Ձեր պատվիրակությանը Հայաստանում: Մենք իմ ընկերոջ հետ առանձնազրույց ենք ունեցել, որի ժամանակ արձանագրել ենք, որ մեր երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակի վրա և պետք է փաստենք, որ վերջին տարիներին այդ հարաբերություններում առաջընթաց ունենք: Մեր երկու ժողովուրդների ավանդական բարեկամությունը և քաղաքական հարաբերությունների այս բարձր մակարդակը չափազանց ամուր հենք են հետագա զարգացման համար: Շատ ուրախալի են վերջին շրջանի բարձրաստիճան հանդիպումները և մեր գործընկերների միջև հորիզոնական հարաբերությունները: Ես վստահ եմ, որ այսօրվա մեր հանդիպումը լինելու է շատ կոնստրուկտիվ և հեռանկարային: Շատ բան ունենք անելու, շատ ուրախ ենք ձեզ ողջունելու, բարով եք եկել Հայաստան»:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլին ասել է. «Շնորհակալություն, պարոն վարչապետ, կառավարության հարգելի անդամներ, ողջունում եմ բոլորիդ: Մեզ համար մեծ պատիվ է լինել երկրում, որը մեր բազմադարյա բարեկամն է: Մեր երկու հանրապետությունների համար էլ այս տարին հոբելյանական է և, համոզված եմ, որ մեր երկու երկրները՝ ինչպես Հայաստանը, այնպես էլ Վրաստանը, պատշաճ մակարդակով կնշեն իրենց առաջին հանրապետությունների հռչակման հոբելյանը: Ուրախ եմ, որ մեր երկու երկրների պատմական, ավանդական բարեկամությունը մեզ հնարավորություն է տալիս բարձր մակարդակի վրա պահել մեր քաղաքական հարաբերությունները, ինչպես նաև տնտեսական բնագավառում մեր հարաբերությունները: Ուրախ եմ, որ մեր տնտեսական հարաբերությունները ևս առաջընթաց ունեն. անցած տարվա ընթացքում արձանագրվել է երրկողմ ապրանքաշրջանառության 33 տոկոսանոց աճ: Եվ, ինչպես իմ գործընկերը նշեց, ներուժը մեծ է, կարող ենք այդ տնտեսական ներուժն օգտագործել և կարծում եմ՝ այսօրվա մեր հանդիպումը կնպաստի դրան»:

Անդրադառնալով երկկողմ տնտեսական գործակցության զարգացման հեռանկարներին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀ տնտեսությունը զարգացման լավ թրենդի վրա է, ինչի մասին վկայում են 2017 թ. հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Վարչապետը տեղեկացրել է, որ 2017 թ. Հայաստանում ՀՆԱ աճը կազմել է 7.5 տոկոս, արտահանման աճը՝ 25.2 տոկոս, ներմուծման աճը շուրջ 28 տոկոս, արտաքին առևտրաշրջանառության աճը՝ շուրջ 29 տոկոս, արդյունաբերության աճը՝ 12.6 տոկոս, ծառայությունների աճը՝ շուրջ 15 տոկոս: Կարևորելով անցած տարում Հայաստանի ու Վրաստանի միջև ապրանքաշրջանառության ծավալի աճը՝ վարչապետ Կարապետյանն ընդգծել է, որ պետք է ակտիվ աշխատել և´ երկկողմ, և´ տարածաշրջանային համագործակցության զարգացման ուղղությամբ: Կառավարության ղեկավարը նշել է, որ տարբեր ինտեգրացիոն միավորումների հետ արդյունավետ գործակցությունը, ինչպես նաև հայ-իրանական սահմանին՝ «Մեղրի» ազատ տնտեսական գոտու ստեղծումը Հայաստանի գործարար միջավայրի համար արտոնյալ ռեժիմներից օգտվելու հնարավորություն է ընձեռում, և դա կարող է հետաքրքիր լինել նաև Վրաստանի բիզնես հանրության համար:

            Գիորգի Կվիրիկաշվիլին շնորհավորել է Կարեն Կարապետյանին՝ 2017 թ. մակրոտնտեսական ցուցանիշների և տնտեսական աճի համար՝ նշելով, որ Վրաստանի համար կարևոր է հարևան և բարեկամ երկրի զարգացումն ու առաջընթացը: Նրա խոսքով՝ ապրանաքաշրջանառության ծավալներն ավելացնելու հնարավորությունները պետք է դիտարկել թե´ երկկողմ, թե´ բազմակողմ ձևաչափերով համագործակցության խթանման համատեքստում, և Վրաստանը հետաքրքրված է վարչապետ Կարապետյանի նշած արտոնյալ ռեժիմների ուսումնասիրության և առկա հնարավորությունների վերաբերյալ վրաց գործարարներին իրազեկելու հարցում: Վրաստանի վարչապետը ողջունել է նաև ԵՄ-ՀՀ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը և պատրաստակամություն հայտնել աջակցել դրա կիրարկմանը:

Երկու երկրների վարչապետները քննարկել են էներգետիկայի, զբոսաշրջության, պաշտպանության, տրանսպորտի, առողջապահության, հումանիտար ոլորտներում համագործակցությանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Զրուցակիցները կարևորել են երկկողմ ու բազմակողմ ձևաչափով էներգետիկ գործակցության զարգացումը: Կարեն Կարապետյանը և Գիորգի Կվիրիկաշվիլին համակարծիք էին, որ մեծ ներուժ կա զբոսաշրջության ոլորտում, և պայմանավորվածություն ձեռք բերել՝ ակտիվացնել շփումը այդ ոլորտը կարգավորող պետական մարմինների միջև: Կողմերը մտքեր են փոխանակել նաև առողջապահության, պետություն-մասնավոր հատված համագործակցության մեխանիզմների մշակման, կիբերանվտանգության ոլորտներում փորձի փոխանակման վերաբերյալ:

            Հայաստանի և Վրաստանի վարչապետները կարևորել են տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի գործունեության ակտիվացումը և նշված հարցերի մանրամասն քննարկումը հաջորդ նիստի շրջանակում:

            Վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Վրաստանի իշխանություններին՝ հայկական  մշակութային ժառանգության, մասնավորապես, Պ. Ադամյանի անվան հայկական դրամատիկական թատրոնի շենքի ամրացման ու վերանորոգման  աշխատանքերի համար: Գիորգի Կվիրիկաշվիլին նշել է, որ Վրաստանը հպարտանում է ազգությամբ հայ հայրենակիցների հետ առկա բարեկամության և համագործակցության պատմությամբ, ովքեր դարերի ընթացքում հսկայական ներդրում են ունեցել Վրաստանի զարգացման գործում:

            Վարչապետներ Կարապետյանը և Կվիրիկաշվիլին պայմանավորվել են նաև ծրագրեր իրականացնել՝ հումանիտար կապերի սերտացման, մասնավորապես, երիտասարդության շրջանում փոխճանաչելիության բարձրացման և բարեկամության ամրապնդման ուղղությամբ:

 

 

 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ