Հայերի Աստվածը մեռե՞լ է
․․․Երբ Աստծու մասին խոսք է լինում, շատերից ենք լսում, «Մեռնեմ Աստծո զորությանը» տարածված արտահայտությունը, բայց այդ ասող մարդիկ, չտարբերելով սուրբ Կիրակիները մնացած օրերից, անարգում են այդ զորությունը։
Ու այս ախտը նոր չի մեր ազգի մեջ տարածվել։ Մի քանի տարի առաջ, երբ հարցազրույցի համար հանդիպում ունեցա 103 տարեկան Պողոս Վարդապետ Կիլիկեցու հետ, հարցրի նրան Եղեռնի պատճառները, քանզի ինքն այդ տրիներին այնտեղ էր ապրել և ականատես էր եղել կատարվածին։ Նա մի պահ մռայլվեց իր դարավոր խոհերի մեջ և խստությամբ արտաբերեց․
«Կարծում եմ, որ պատճառներից ամենամեծը Աստծուց մեր ազգի հեռանալն էր։ Օրինակ՝ այն գյուղում, որ մենք էինք բնակվում, եկեղեցի ունեինք, հայրս տեղի քահանան էր, իսկ ես սարկավագն էի։ Կիրակի օրվա սուրբ պատարագին հայերից համարյա ոչ ոք չէր հաճախում, և երբեմն թուրքերը ներս մտնելով ու դատարկ եկեղեցին տեսնելով, չարախնդությամբ գլուխները տարուբերում էին ու իրար ասում․ «Երևի հայերի Աստվածը մեռել է»։
Մի քարոզիչ այս առիթով շատ դիպուկ է ասել․ «Չկասկածե՛ս, Կիրակի օրը վաստակածդ փողը վշտի, հիվանդության, դեղերի ու նեղ օրվա համար է ծախսվելու, քանզի Տիրոջ օրհնությունը չկա վաստակիդ մեջ, այլ կա հակառակ անեծք»։․․․ Հակոբոս առաքյալը մեզ հորդորում է․ «Աստծուն մոտեցեք, ու նա ձեզ կմոտենա։ Սրբեցե՛ք ձեր ձեռքերը, մեղավորներ և մաքրեցե՛ք ձեր սրտերը երկմիտներ»։
Աստծուն սիրող քրիստոնյա մարդը Կիրակի օրը ո՞ւր կուզենա գնալ, եթե ոչ միայն եկեղեցի, որը մեր հայրերը կոչել են «Հրեշտակների զբոսարան եւ մարդկանց քավարան», որտեղ կարող ես աղոթել, կամ զղջումով խոստովանել մեղքերդ։ ․․․
Եվ այսպես, Տիրոջ օրը գնալով եկեղեցի, մարդը հնարավորություն է ստանում մաքրվելու իրեն անհանգստացնող մեղքերից, խաղաղվելու, զորանալու հոգով և սրտով, որպեսզի կարողանա պատերազմել նախ՛ իր մեղավոր ցանկությունների, ապա աշխարհի գայթակղությունների դեմ։․․․
Մերուժան Բաբաջանյանի հանրագրից