Բյուջեի կատարողականը՝ թվերով
2013 թվականի հունվար-նոյեմբեր ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են ավելի քան 967.7 մլրդ դրամ, իսկ ծախսերը` շուրջ 901.1 մլրդ դրամ, որոնք համապատասխանաբար 89.9%‑ով եւ 84.6%-ով ապահովել են ՀՀ կառավարության տարեկան ծրագրի կատարումը:
2012 թվականի 11 ամիսների համեմատ արձանագրվել է պետական բյուջեի եկամուտների աճի տեմպի արագացում 15.1%-ով (126.7 մլրդ դրամ)` նախորդ տարվա 10.8%-ի (82.3 մլրդ դրամի) դիմաց, որը հիմնականում ապահովվել է հարկային եկամուտների աճի հաշվին: Պետական բյուջեի եկամուտների 94.4%-ը ձեւավորվել է հարկային եկամուտների եւ պետական տուրքերի, 5%-ը` այլ եկամուտների, 0.6%-ը` պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Հաշվետու ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե են մուտքագրվել շուրջ 914.2 մլրդ դրամ հարկային եկամուտներ եւ պետական տուրքեր, որոնք կազմել են տարեկան ծրագրի 89.8%-ը:
2012 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ նշված եկամուտներն աճել են 15.4%‑ով կամ 122 մլրդ դրամով` նախորդ տարվա 11.8%-ի կամ 83.7 մլրդ դրամի դիմաց: Հարկային եկամուտների աճը մեծ մասամբ պայմանավորված է ավելացված արժեքի հարկի աճով եւ 2013 թվականից հարկային օրենսդրության մեջ կատարված փոփոխությամբ, որի համաձայն նախկինում սահմանված եկամտահարկի եւ պարտադիր սոցիալական ապահովության վճարների փոխարեն ներդրվել է մեկ միասնական` եկամտային հարկ: Այս հարկատեսակի գծով անցած ժամանակահատվածում պետական բյուջե է մուտքագրվել 224.9 մլրդ դրամ:
Ավելացել է նաեւ ՀՀ պետական բյուջեի ծախսերի աճի տեմպը, որը կազմել է 8.4% (69.5 մլրդ դրամ)` նախորդ տարվա 4.4%-ի (34.8 մլրդ դրամի) դիմաց, ինչը հիմնականում պայմանավորված է ընթացիկ ծախսերի աճով: Բյուջետային ելքերի համեմատ մուտքերի առավել բարձր կատարողականի արդյունքում ներքին աղբյուրներում ձեւավորված ազատ միջոցներն ավելացել են 77.0 մլրդ դրամով` տարեկան ծրագրով նախատեսված 33.0 մլրդ դրամի փոխարեն:
Պետական բյուջեի եկամուտներում, ծախսերում եւ պակասուրդի ֆինանսավորման աղբյուրներում ներառված չեն արտաքին աղբյուրներից ֆինանսավորվող նպատակային ծրագրեր իրականացնող գրասենյակներով շրջանառվող միջոցները:
ՀՀ ֆինանսների նախարարության տեղեկատվության
եւ հասարակայնության հետ կապերի բաժին