26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արմեն Սարգսյանը՝ Հանրային խորհրդում

Հանրային խորհուրդը ս.թ. փետրվարի 8-ին հյուրընկալել է ՀՀ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին:

ՀԽ նախագահ Վազգեն Մանուկյանը շնորհակալություն  է հայտնել Արմեն Սարգսյանին խորհրդի հետ հանդիպումը նախաձեռնելու համար և ներկայացրել նախ կառույցի գործունեությունը, աշխարհի տարբեր երկրներում նմանատիպ խորհուրդների դերը, ինչպես նաև այն ոլորտները, որոնք Հանրային խորհրդի գործունեության համար եղել ու մնում են առանցքային՝ կրթություն և գիտություն, գյուղատնտեսություն, արդյունաբերություն և այլն:

Անդրադառնալով Արմեն Սարգսյանի թեկնածությանն ու ընտրվելու դեպքում նրա դերակատարությանը՝ Մանուկյանը հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանին կհաջողվի երկրում դրական և վստահության մթնոլորտ ձևավորել. «Եթե չկա համապատասխան մթնոլորտ, մարդկանց ստեղծագործական ուժերը չեն արթնանում: Այդ առումով Ձեր անելիքը կարևոր է»,-նշել է Մանուկյանը:

Խորհրդի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Արմեն Սարգսյանը, ունենալով կապեր ու հեղինակություն արտաքին աշխարհում և Սփյուռքում, կարող է նպաստել համահայկական կառույցների ձևավորմանն ու հայության ներուժը համախմբելու գործին: «Այսօրվա աշխարհում ուժեղ լինելու կարևոր պայման է համաշխարհային ազգ լինելը, ինչը պայմանավորված է ոչ միան աշխարհում սփռված լինելու հանգագանքով, այլ նաև համաշխարհային քաղաքակրթության մեջ ունեցած ներդրումով և հավակնություններով»,-ասել է Մանուկյանը:     

Արմեն Սարգսյանը կարևորել է Հայաստանում սահմանադրական փոփոխություններն ու խորհրդարանական համակարգի ներդրումը՝ հույս հայտնելով, որ դա կնպաստի մեր երկրի զարգացմանն ու առաջընթացին: Անդրադառնալով ՀՀ նախագահի դերին ու լիազորություններին՝ նա ընդգծել է, որ դրանք շատ մեծ են, և եթե ճիշտ օգտագործվեն, ապա կներդրվեն ի նպաստ Հայաստանի և հայ ժողովրդի: «2018 թվականը նոր իրավիճակ է մեր պետության համար, որը նոր հնարավորություններ է բացում մեր առջև: 21-րդ դարը ողջ աշխարհում լինելու է նոր տեխնոլոգիաների դարաշրջան, և մենք ունենք այն բնական ռեսուրսը, որն անհրաժետ է»,-ասել է Սարգսյանը:

Հանրային խորհրդրի անդամները լսել են ամենատարբեր հարցերի շուրջ Արմեն Սարգսյանի տեսակետները՝ սկսած Հայաստանի դիվանագիտական կորպուսի, երկրի արդյունավետ կառավարման և ռազմավարական մոտեցումների անհրաժեշտության, քաղաքական պայքարի, ընտրական գործընթացների խնդիրներից, վերջացրած որակյալ կրթություն ստանալու, տնտեսական, բնապահպանական, սահմանադրականության բարձրացման, մտավորականության դերի գնահատման և այլ խնդիրներով:

Արմեն Սարգսյանը, կարևորելով Հանրային խորհրդի դերը և անդրադառնալով բարձրացված հարցերից յուրաքանչյուրին, հույս է հայտնել, որ նախագահի պաշտոնը ստանձնելու դեպքում խորհրդի հետ արդյունավետ կհամագործակցի: 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ