25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ալիևը փորձում է զրոյացնել միջնորդների ջանքերը

”Ադրբեջանի կառավարության նիստում, հունվարի 9-ին, երկրի նախագահ Իլհամ Ալիևի կողմից հնչեցված հայտարարությունները լավագույն ինդիկատոր էին` պարզելու, թե ինչ հետևություններ էր արել Իլհամ Ալիևը նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումից հետո: Իսկ հիմնական հարցերից մեկը հետևյալն էր. արդյոք Ադրբեջանը բանակցությունների ակտիվացման ու անհրաժեշտ մթնոլորտ ստեղծելու նպատակով կհետևեր համանախագահների հորդորներին` զերծ մնալով այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք բացասական ազդեցություն են թողնում բանակցային գործընթացի վրա:

Երկու տեսանկյունից էլ, Ադրբեջանը հիասթափեցրեց. առաջին, Ի. Ալիևն իր հայտարարությամբ, Վիեննայի հանդիպմանը նախորդած ու հաջորդած փուլում համանախագահների գործադրած ջանքերը զրոյացրեց, իրավիճակը փորձելով տեղափոխել նախկին` մինչ նախագահների մակարդակով տեղի ունեցած հանդիպման կետին:

Երկրորդ, ճիշտ է` Վիեննայի հանդիպումից հետո, սահամանագծում հրադադարի ռեժիմի կանոնների խախտման դեպքերը նվազել էին, սակայն վերջին երկու ամսվա ընթացքում, ադրբեջանական կողմի ակտիվացումների հետևանքով, սահմանագծին մեկ հայ զինծառայող զոհվել էր, երկուսը` վիրավորվել:

Իսկ կառավարության վերջին նիստում, Իլհամ Ալիևի ելույթին գրեթե զուգահեռ, ադրբեջանական կողմը, հատկապես հայ-ադրբեջանական սահմանի Տավուշի ուղղությամբ, շուրջ մեկ օր, տարբեր տրամաչափի զինատեսակներից, ակտիվ կրակահերթեր էր արձակում սահմանագծի տարբեր հատվածների ու բնակավայրերի ուղղությամբ:

Անդրադառնանք բուն հայտարարության տեքստին. բացի ադրբեջանական ոճի ստանդարտ մեկնաբանություններից, Ալիևը նշել է` եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները, կարճ ժամանակում կարող է տեղաշարժ արձանագրվել հակամարտության կարգավորման հարցում` մանրամասնելով, որ իրատեսական մոտեցում ասելով նկատի ունի այն, որ Հայաստանը ”պետք է հենվի իրականության, իրական ուժերի հարաբերակցության վրա, իսկ Ադրբեջանի աճող հզորությունը նույնպես այստեղ իր դերն է խաղում և խաղալու է”:

Նկատենք, որ Ալիևը, ի հեճուկս Հայաստանի ու միջնորդ երկրների, հակամարտության լուծումը տեսնում է ոչ թե դրա խաղաղ ու արդարացի լուծման մեջ, այլ ”Ադրբեջանի աճող հզորության”: Դիցուք, Ռուսաստանը, ԱՄՆ-ն կամ Ֆրանսիան հզոր պետություններ են. Արդյոք սա ենթադրում է, որ եթե նրանք տարածքային պահանջներ առաջադրեն իրենց սահմանակից երկրներին, ապա վերջիններս, հաշվի առնելով այդ երկրների ”աճող հզորությունը”, պետք է բավարարեն նրանց տարածքային ախորժակը:

Նույնիսկ չանդրադառնալով ”Ադրբեջանի աճող հզորությանն” ու ”տարածաշրջանում ուժերի հարաբերակցության փոփոխության” վերաբերյալ հնչեցված, բայց չհիմնավորված թեզին, պետք է նշել, որ Ադրբեջանի նախագահը չի մոռացել նաև հիշատակել իր երկրի բանակաշինության ու սպառազինման հանգամանքը, հայտարարելով, որ ”Ադրբեջանի ռազմական հզորությունը վճռական դեր կխաղա միջազգային նորմերին համապատասխան Լեռնային Ղարաբաղի հարցի արդարացի կարգավորման գործում”:

Ադրբեջանի նախագահն իր վերջին հայտարարությամբ ոչ միայն ցրում է Վիեննայի հանդիպումից հետո ստեղծված լավատեսական ֆոնը` հարցականի տակ դնելով առաջիկայում նախագահների մակարդակով կազմակերպվելիք հանդիպման հնարավորությունը, այլ անմիջական հարված հասցնում ողջ բանակցային պրոցեսին:

Ինչպես երևում է` Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություներն ու դրանից բխող իրադարձությունների ընթացքն, այնուամենայնիվ, չեն բխում Ադրբեջանի շահերից և պաշտոնական Բաքուն ամեն ինչ անում է զարգացումների հունն այլ ուղղությամբ շեղելու համար”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքական մեկնաբան Տիգրան Աբրահամյանը: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ