«Առավել երանելի է տալը, քան առնելը» /ֆոտո/
Օրհնությամբ Գուգարաց թեմի առաջնորդ բարձրաշնորհ Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյանի` Վանաձորի <<Նարեկացի>> երիտասարդաց միությունը արդեն 3-րդ տարին Ամանորի և Սբ Ծննդյան տոներին ընդառաջ`կազմակերպեց <<ՁԵՌՔ ՄԵԿՆԻՐ>> բարեգործական ծրագիրը, որի շրջանակներում օգնեց շուրջ 60, իսկ ողջ տարվա ընթացքում` 70 և ավել կարիքավոր ընտանիքների: Շուրջ մեկ ամիս երիտասարդաց միության անդամների ջանքերով ծրագիրը իրագործվեց ողջ քաղաքում` ընդգրկելով նաև հարևան Շահումյան գյուղը: Ծրագրին իրենց մասնակցությունը բերեցին քաղաքի բոլոր բուհերը և 20 դպրոցներ: Այս տարի ընտանիքների թիվն շատ էր, հետևաբար և ծրագրի աջակիցներն օրեցօր ավելանում էին. իրենց արտադրանքով ծրագրի շրջանակներում կարիքավոր ընտանիքներին ձեռք մեկնեցին <<Գլորիա>>, <<Սարտոն>>, <<Բազում>> կարի արտադրամասերը, <<Դիետ>> և <<Կաթնագործ>> կաթնամթերքի, <<Գրիսար>>, <<Հարատիդ>> զովացուցիչ ըմպելիքների, <<Հելեն Արթ>> հրուշակեղենի արտադրամասերը, <<Դբա լավը>> և <<Ժպիտ>> հագուստի խանութ-սրահները, <<Արդշինինվեստ>> և <<Բիբլոս>> բանկերը, ինչպես նաև անհատ բարերարներ և պարզապես բարի կամքի տեր մարդիկ: Ծրագրին զգալի աջակցություն ունեցան նաև Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանի և ընծայարանի սաները` շուրջ 400.000 դրամի չափով:
Սննդի պաշարը, սակայն երիտասարդները լրացրեցին ոչ միայն հավաքված գումարով սնունդ գնելով, այլև սննդի համար նախատեսված մեծ արկղեր տեղադրելով քաղաքի խոշոր խանութներում` <<Սպարապետ>>, <<Գրին պլազա>>, <<Տրիո>>, <<Ոսկյա>> և <<Սմայլ>> սուպերմարկետում: Իսկ Վանաձորի Սբ Սարգիս եկեղեցու խաչքավոր Արմեն Կարապետյանի աջակցությամբ ծրագրում ներառված բազմազավակ ընտանիքների երեխաների համար գնվեցին գրենակա պիտույքներ: Այսպիսով միության երիտասարդ ակտիվիստները ունեցան նախատեսած 50 ընտանիքների քանակով բավարար հագուստ, սնունդ, գրենական պիտույքներ, իսկ խիստ կարիքավոր շուրջ 20 ընտանիք ստացան նաև ֆինանսական աջակցություն` 10.000-20.000 դրամի չափով:
Դեկտեմբերի 26-28-ը երիատասարդները, առաջնորդությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Տեր Սեպուհ արք. Չուլջյանի, արդեն Ամանորի և Սբ Ծննդյան նվերներով այցելեցին ընտանիքներ:
Երիտասարդների խոսքով` ծրագիրը այսուհետ կլինի շարունակական` շուրջտարյա: Եվ արդեն ունեցած անապահով ընտանիքների ցուցակով վերջիններիս ողջ տարվա ընթացքում կջանան հնարավորինս օգտակար լինեն ոչ միայն քաղաքի, այլև մարզի բնակիչներին:
Ծրագրի առանձնահատկությունը, երիտասարդների բնորոշմամբ, բարության և ողորմության գաղափարի տարածման մեջ է. այն կարծես ազդակ է կամ զանգ-հիշեցում բոլորին` հիշելու կարիքավոր իր դրացուն, հարևանին, համաքաղաքացուն… և Սբ Ծննդյան տոնին ընդառաջ մի պահ խորհելու <տալու, քան ստանալու երջանկության> ոսկե կանոնի մասին: Առաջիկայում երիտասարդները պատրաստվում են ձեռք մեկնել արդեն Սբ Հարության տոնին ընդառաջ:
ԴԻՎԱՆ ԳՈՒԳԱՐԱՑ ԹԵՄԻ