Սեֆիլյանի «գլխին սարքել են» /տեսանյութ/
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում շարունակվում է «Ժիրայր Սեֆիլյանի եւ մյուսների գործով» դատաքննությունը:
Այսօրվա նիստի մեկնարկին փաստաբան Արայիկ Պապիկյանը միջնորդեց դատական նիստերի դահլիճ վերադարձնել Ժիրայր Սեֆիլյանին: Նախագահող դատավոր Տաթևիկ Գրիգորյանը մերժեց միջնորդությունը, ընդգծելով, որ Սեֆիլյանը դատավարական կարգ է խախտել:
Արայիկ Պապիկյանը հանդես եկավ հայտարարությամբ և ներկայացրեց փաստեր, որոնք հավաստում են՝ Ժիրայր Սեֆիլյանի նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվել:
Արայիկ Պապիկյանը նշեց, որ Սեֆիլյանի հանդեպ գաղտնալսումները և հետապնդումը արվել է օրենքի խախտումներով, որպես օրինակ Պապիկյանը նշեց, որ օրենքով չի թույլատրվում 12 ամսից ավել գաղտնալսել անձին, սակայն Սեֆիլյանին գաղտնալսել են 2014 թվականից սկսած:
Նշենք, որ գործը քննվում է Երեւանի Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, սակայն նիստերն անցկացվում են արտագնա` Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում: Ժիրայր Սեֆիլյանը մեղադրվում է մի խումբ անձանց հետ, զենքի գործադրմամբ, շենքեր, շինություններ, հաղորդակցության և կապի միջոցներ զավթելու մեջ, այդ թվում՝ Երևանի հեռուստաաշտարակը, ինչի ընթացքում էլ վերջինս կազմակերպել է մի խումբ անձանց կողմից ապօրինի կերպով զենք և ռազմամթերք ձեռք բերելը, փոխադրելը և տարբեր վայրերում դրանք ապօրինի կերպով պահելը: Ժիրայր Սեֆիլյանը չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքները։
Մանրամասները` տեսանյութում: