28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Մինչև ե՞րբ պիտի երես դարձնես մեզանից, ով Տեր

Ողորմություններդ հավիտյա՜նս հավետ պիտի օրհնե՛մ, Տե՛ր, և ճշմարտությունդ իմ իսկ բերանով սերընդե՜- սերունդ պիտի պատգամեմ: Ինքդ ասացիր, թե՝ աշխարհը համայն, ըստ ողորմությա՛ն պիտի կառուցվի և երկինքն այդժամ պատրա՛ստ պիտ լինի ճշմարտությո՛ւնդ մատուցել նրան: Իմ ընտրյալների հետ Ե՛ս ուխտ դրեցի և երդվեցի Դավի՛թ ծառայիս. Թե պիտի Որդուդ հավիտյա՜նս հավետ կարգեմ Թագավոր և քո աթոռը վերակառուցե՛մ երկրի բոլոր սերունդների մեջ:

Երկինքները, Տե՛ր, Քո սքանչելի գործերը պիտի խոստովան լինեն, ճշմարտությունդ պիտի վկայվի սրբազան բոլո՛ր հավաքույթներում: Ամպերի ներսում ո՞վ կա՝ երբևէ հավասարվի Քեզ և կամ Վերն Աստծո որդիների մեջ Տիրոջ կշիռը ո՞վ պիտ ունենա: Փառավորվում է Աստված սրբերի խորհուրդների մեջ և ահավոր է Նա նրանց համար, որ գտնվում են Նրա շուրջ բոլոր:

Զորությունների Դու Աստվա՛ծ և Տե՛ր, ո՞վ է նման Քեզ, Հզորազո՛րն Ես, ճշմարտությո՛ւնդ է Քեզ շրջապատում: Վիրավորելով խոնարհեցնո՛ւմ Ես ամբարտավանին, Բազկիդ զորությամբ թշնամիներիդ ցրո՛ւմ ամեն կողմ: Քե՛զ են պատկանում երկինքները ողջ, երկի՛րը նաև, որ հաստատեցիր` իր ամե՛ն ինչով, հյուսիս- հարավը Դո՛ւ ստեղծեցիր, և Քո սրբազան անվամբ պիտ ցնծա՛ն Թաբոր ու Հերմոն:

Քո՛նն է բազուկը և զորությունը Քո՛նն է, Տե՛ր Աստված, զորանա՛ Աջըդ և թող Քո Ձեռքը մի՛շտ բարձր մնա: Արդարությա՛մբ և իրավունքո՛վ է աթոռդ հաստատված, Քո երեսներից ողորմությունն ու ճշմարտությո՛ւնն են չորս կողմ ճառագում: Այն ժողովրդին երանի, ով որ օրհնություննե՛րդ է ճանաչում, Աստվա՛ծ, քայլում են նրանք հայացքի՛ցդ ելնող Լույսի ուղղությամբ և Անունո՛վդ են ամեն օր ցնծում՝ բարձր մնալով Քո՛ արդարությամբ: Դու պարծանքն Ես մեր զորությունների, և եղջյուրը մեր՝ այդ Քո Կամքո՛վ է բարձրանում վեր: Եվ Տիրոջից են օգնությունները` սուրբ Իսրայելի մեր Թագավորով: Այնժամ տեսիլքով որդիներիդ հետ խոսեցիր, Տե՛ր իմ, այսպես ասելով. Իմ օրհնությունն է Հզորի վրա և ժողովրդիս միջից պիտի Ես ընտրյալի՛ն հանեմ, բարձրացնե՛մ վեր: Գտե՛լ եմ ահա իմ ծառա Դավթին և իմ սուրբ յուղով օծե՛լ եմ նրան:

Իմ Ձեռքը պիտի պահպանի նրան և բազուկը Իմ նրան զորացնի՛: Թշնամին նրան չի՛ վնասելու և անօրենության անիրավ որդին չի՛ կարենալու նրան չարչարել: Ես նրա բոլոր թշնամիներին պիտի հարվածե՛մ, ատելիներին մատնեմ պարտությա՛ն: Ճշմարտությո՛ւնն իմ, ողորմությո՛ւնն իմ՝ պիտի ընթանան մի՛շտ նրան փարված, Իմ Անվան հանո՛ւն պիտի բարձրանա եղջյուրը նրա: Ես ձեռքը Դավթի պիտի հաստատեմ կենդանի՛ ծովին և աջը նրա գետերի՛ վրա:

Իմ առջև կանգնած պիտի Ինձ ասի՝ իմ Հայրն Ես, Աստվա՛ծ, և ընդունելի փրկությունն Ես իմ: Իմ անդրանիկը դարձրի նրան, ամենաբա՜րձրը, քան թագավորնե՛րն ամբողջ երկրի: Ողորմությունն իմ հավիտյա՜ն պիտի նրա հետ լինի, ուխտն իմ նրանո՛վ է հավատարիմ: Նրա Զավակին հավիտյա՜նս հավետ պիտի հաստատեմ և գահը Նրա որպես երկնքի օրերն երկրում: Իսկ եթե նրա որդիքը մի օր իմ օրենքները թողնեն մի կողմի և չկամենա՛ն իմ սահման դրած իրավունքները պահել կատարել:

Իսկ եթե մի օր արդարությունս նրանք անարգեն և չպահե՛ն Իմ պատվիրանները. ապա պիտի Ես Իմ գավազանով հարվածե՛մ նրանց անօրեն գործին, և պիտի նրանց անիրավության ընթացքի դիմաց տանջահա՛ր անեմ: Սակայն նրանցից ողորմությունս պիտի չարգելե՛մ և ո՛չ էլ պիտի ճշմարտությունս նենգեմ նրանց մեջ, ո՛չ էլ իմ ուխտը անարգության տամ, և ինչ ելել է իմ շրթունքներից՝ պահելո՛ւ եմ՝ չե՛մ արհամարհելու:

Ես Իմ սրբությամբ Դավթին մեկ անգամ երդո՛ւմ եմ տվել, և չե՛մ խաբելու: Նրա Զավակը հավիտյա՜ն պիտի հաստատուն մնա, նրա աթոռը Իմ առջև լինի որպես արեգա՛կ և որպես լուսի՛ն, որ հաստատված է՝ որպես վկա՛ մի հավիտենական, որ հավատարի՛մ է մնում երկնքին: Սակայն Դու ահա Խոսքդ մերժեցի՛ր և անարգեցի՛ր, և Քո Օծյալին զարկեցի՛ր գետնին: Երե՛ս դարձրիր ծառայիդ ուխտից, երկրում նրա սրբությունները պղծեցի՛ր իսպառ: Քանդեցի՛ր նրա պարիսպներն ամեն, իսկ ամրոցները ողջ խարխլեցի՛ր:

Մինչ ավար դարձավ ճամփի անցորդին, եղավ նախատինքն հարևանների: Ովքեր որ նրան բերին նեղություն՝ դու նրա՛նց աջը բարձրացրիր վեր՝ ուրախացնելո՛վ թշնամիներին: Երբ նա սուր հանեց, Դու ե՛տ դարձրիր Քո օգնությունը, որ մենա՛կ մնա, և թիկունք չեղա՛ր, երբ որ նա մտավ պատերազմի մեջ: Նրա սրբավայրն ի՛նքդ անարգեցիր և կործանեցի՛ր նրա աթոռը երկրի վրա: Կյանքի օրերի ժամանակն ինքդ պակասեցրիր՝ հեղելով նրա վրա ամոթա՛նք:

Մինչև ե՞րբ պիտի երես դարձնես մեզանից, ո՛վ Տեր, և բորբոքե՛ս Քո բարկությունները կրակի նման: Իսկ այժմ հիշի՛ր և նայի՛ր ու տե՛ս, ո՞վ է հանգիստն իմ, և միթե իզու՞ր էր ստեղծեցիր երկրի վրա մարդկության որդոց: Ո՞վ է մարդը, որ ապրի հավիտյան և մահ չտեսնի կամ կարող լինի իր հոգին փրկել դժոխքի ձեռքից: Ողորմություններդ ու՞ր մնացին, Տե՛ր, որ նախկիններում տալիս էիր մեզ, որոնք երդվեցիր Քո ծառա Դավթին Քո՛ ճշմարտությամբ:

Հիշի՛ր ծառայիդ նախատինքները, որոնք ստացա բազում ազգերից՝ կրելով դրանք ի՛մ իսկ ծոցի մեջ: Թշնամիներդ երբ նախատեցին՝ Քո իսկ Օծյալին նախատինք տալով՝ Քե՛զ նախատեցին: Հիշի՛ր դրանք, Տե՛ր, Օրհնյա՜լ, Օրհնյա՜լ է Տեր Աստվածը մեր՝ հավիտյա՜նս հավետ Օրհնյա՜լ թող լինի՛: Թող լինի՛, լինի՛:

Սաղմոս 88

գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ