ՏՏ բնագավառում աճի տեմպերով Հայաստանը տարածաշրջանում առաջինն է. ՀՄՄ գլխավոր քարտուղար
Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հեռահաղորդակցության միջազգային միության (ՀՄՄ) գլխավոր քարտուղար Համադուն Թուրեին: Վարչապետը նշել է, որ պարոն Թուրեի այցը Հայաստան լավ հնարավորություն է քննարկելու երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցերը:
Իր հերթին ՀՄՄ գլխավոր քարտուղարը գոհունակությամբ արձանագրել է, որ մեր երկրում հեռահաղորդակցության բնագավառում առկա են դրական փոփոխություններ, որոնցից իրենք բավարարված են:
“Ուրախ ենք, որ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում տեսանելի են Հայաստանի զարգացումները: Իհարկե, այդ առաջընթացն ապահովելու գործում մեզ համար կարևոր նշանակություն ունի նաև Հեռահաղորդակցության միջազգային միության օժանդակությունը”,- ասել է Տիգրան Սարգսյանը:
Վարչապետը ՀՄՄ գլխավոր քարտուղարին տեղեկացրել է, որ վերջերս հրապարակված Ազգային մրցունակության համաշխարհային զեկույցում օգտագործվել են Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի 2009 թվականի ցուցանիշները, չնայած այն հանգամանքին, որ 2011-ի արդյունքները տեղադրված են եղել ՀՄՄ կայքում: Կառավարության ղեկավարը նշել է, որ եթե օգտագործվեին 2011-ի ցուցանիշները, ապա մեր երկրի մրցունակության մակարդակն ավելի բարձր կիներ:
Համադուն Թուրեի խոսքով՝ այդ հարցում թյուրիմացություն է տեղի ունեցել: ՀՄՄ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ 2011-ի ցուցանիշներով Հայաստանը ՏՏ բնագավառի աճի տեմպերով Հարավային Կովկասում առաջինն է եղել:
Այնուհետև զրուցակիցներն անդրադարձել են հեռահաղորդակցության ոլորտին առնչվող մի շարք այլ հարցերի: Մասնավորապես, Համադուն Թուրեն պատրաստակամություն է հայտնել աջակցել Ռադիոկապի բյուրոյում Հայաստանի դիմումային փաստաթղթերի հնարավորինս արագ ընդունման գործում:
Վարչապետը հույս է հայտնել, որ ՀՄՄ-ն կօժանդակի նաև հաճախականությունների տիրույթի ռադիոմոնիթորինգի նախագծի իրականացման համար անհրաժեշտ ծրագրային ապահովման հարցում:
Կողմերը քննարկել են նաև ՀՀ-ում լայնաշերտ կապի համակարգի ներդրման աշխատանքներին վերաբերող հարցեր: